Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անկանգառ նկարչություն, որը երբեք արտադրություն չի դառնա

Մշակույթ
muxdusyan

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում այսօր տեղի ունեցավ նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Սա նկարչի 2-րդ ցուցահանդեսն է, որը կտեւի 10 օր՝ մինչեւ նոյեմբերի 22-ը։ Ցուցադրությունը ներկայացվել է 15 աշխատանք, որոնք ստեղծվել են 7-8 ամսվա ընթացքում։ Իր աշխատանքների առաջին ցուցադրությունը Մարիամ Մուղդուսյանը նույնպես ներկայացրել էր Եղիշե Չարենցի տուն-թանգարանում։ «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ ցուցադրությունը թանգարանում անցկացնելու հրավեր ստացել է անձամբ Չարենցի թոռնուհուց՝ տիկին Գոհարից։ «Ցուցասրահը մեծ հնարավորություններ չունի շատ աշխատանքներ ներկայացնելու համար, այդ պատճառով ներկայացվել է միայն 15 նկար, որ չխեղդենք ցուցադրությունը։ Նրանք հատուկ ընտրված աշխատանքներ են։ Սա նաեւ ցուցահանդես-վաճառք է։ Եթե առաջին ցուցադրությունս ավելի երիտասարդա-պատանեկան տարիքի էր, ապա այս մեկը դեպի հասունություն առաջին ցուցահանդեսն է»։ 2 Մարիամ Մուղդուսյանի խոսքով՝ երկու ցուցահանդեսների միջեւ կա ոճային մեծ փոփոխություն. «Դա ռացիոնալ բացատրության ենթակա չէ՝ այն է, ինչ կա. նկարչությունն այդպիսի բան է, որ չունի բացատրություն, միայն նկարելուց հետո եմ հասկանում արդյունքը։ Այս ցուցահանդեսը խորագիր չունի, քանի որ չեմ կարողացել մեկ խորագրի ներքո վերնագրել՝ այս անգամ սա հոգեվիճակի առումով չափազանց ինտիմ ցուցահանդես է»։ Մարիամի ընկերներից մեկը, թեեւ, նրա ցուցադրությունն անվանել էր անկանգառ նկարչություն, որը երբեք արտադրություն չի դառնա։ Մարիամ Մուղդուսյանն իր այս ցուցադրությունը համարում է մինչ այժմ իր ապրած կյանքի ամենաելակետային փուլ. «Սա խորը ցնցումների ու բեկումների հետեւանք է։ Ես մեծ վայրիվերումներից հետո, հոգեւոր մեծ ճամփորդություններից հետո հանգեցի այն ուղուն, որ հիմա ես ունեմ՝ նկարչություն, որ այլեւս խարսխված է։ Ինքս ինձ հետ երկխոսության միջոցով փորձում էի վերստին գտնել ինձ։ Սա իմիջիայլոց միակ դեպքն է եղել, որ նկարչությունը ոչ թե կտրել է իրականությունից, այլ բերել դեպի իրականություն։ Այս ցուցադրության մեջ գերիշխող գույներն են կապույտն ու կանաչը. երեւի պատճառն այն է, որ այս ընթացքում մեդիտացիոն ինչ-որ բան է եղել նկարչությունն ինձ համար»։ 3 Նկարչուհին նշում է նաեւ՝ կան աշխատանքներ, որտեղ իրեն հուզող թեմաներին է անդրադարձել, օրինակ՝ կանանց իրավունքներին. «Ես երբեք հատուկ թեմա չեմ ընտրում, անդրադառնում եմ այն թեմաներին, որոնք ինձ հուզում են»։ Ցուցահանդեսին ներկա էին նաեւ Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։ Ի դեպ, ի տարբերություն նախորդ տարվա, այս անգամ Մշակույթի նախարարությունից ներկայացուցիչ չէր եկել ցուցահանդեսին, թեեւ հրավերը վերաբերել էր բոլորին։ 5 Ցուցահանդեսին ներկա էին նաեւ Մարիամ Մուղդուսյանի կենտրոնի սաները։ Կենտրոնն արդեն 2 տարվա կենսագրություն ունի, սակայն մինչ օրս չի լուծվել նրա ֆինանսավորման հարցը։ «Մեկ տարվա ընթացքում կենտրոնում ավելացել են երեխաների համար քանդակի, կերամիկայի, կարպետագործության, գորգագործության եւ վոկալի դասընթացները։ Կենտրոն հաճախում է  37 երեխա, որից 28-ը աղքատ եւ ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաներ են։ Նրանք գումար չեն տալիս, նրանց միայն ներկերի հարցը լուծում ենք վճարունակ ծնողների հաշվին, սակայն հիմա մեզ մոտ բալանսը խախտվել է՝ գերակշռում են անապահով ընտանիքների երեխաները։ Հիմա նաեւ այլ տեղեր եմ աշխատում, նաեւ աշխատանքներս եմ վաճառում, որպեսզի կարողանամ ֆինանսական ինչ-ինչ հարցեր կարգավորել։ Տարածքի վարձակալության եւ կոմունալ վճարների ամսական ընդհանուր գումարը կազմում է մոտ 300 հազար դրամ, որը հիմնականում լուծվում է ընկերներիս միջոցով»,- նշում է Մարիամ Մուղդուսյանը։ 1 4