Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեփական գլխով պետք է պատասխան տան, եթե կառավարության ծրագիրը տապալվի»

Տնտեսություն
mesrobyan

«Կառավարության նոր ծրագրում կան որոշակի դրական բաներ: Կոնկրետ միջոցառումներ են գրված , կոնկրետ ժամկետներ են դրված, նոր գաղափարներ կան: Զգացվում է, որ դա միայն բաժակաճառեր չեն՝  չնայած ունի նախկին բոլոր բաժակաճառերի շորշոփը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նրա խոսքերով՝  սակայն  գրված չէ, թե ինչ պետություն է միտված լուծել այդ ծրագիրը. «Միջոցառումները պետք է բաժանված լինեն ոլորտների եւ պատասխանատուների, որոնք ի պաշտոնե եւ անուն-ազգանունով եւ  հետագայում սեփական գլխով պետք է պատասխան տան,  եթե այս կամ այն ոլորտը կամ ամբողջ ծրագիրը տապալվի»: Անդրադառնալով  ապօրինի հարստացման քրեականացման մասին օրենքին՝ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ այն հավատ չի ներշնչի այնքան ժամանակ, մինչեւ ակնառու դեմքերը չկանգնեն օրենքի առաջ: Իսկ ինչ վերաբերում է արտարժութային սովին, ապա բանախոսը նկատեց, որ արդեն 10-15 տարի է՝ այդ վիճակն է, ներկրումները նվազում են, իսկ պետական պարտքի մարումը տարեցտարի ավելանում է. «Առեւտրային սալտոյի պատճառով կա արտահոսք: Արտարժութային սովը դամոկլյան սրի նման կախված է մեր պետության վրա»,- ասաց Հարություն Մեսրոբյանը: Իսկ ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեին եւ դրա կատարմանը, ապա  կառավարման փորձագետը կարեւորում է հարկերի հավաքագրումը: «Մենք մեծ պահուստ ունենք, դա ստվերային շրջանառությունն է, որը կազմում է 80%  եւ բաժին է ընկնում օլիգարխիային:  Միայն քաղաքական բիրտ եւ կոշտ կամքի շնորհիվ հնարավոր կլինի լուծել այս խնդիրը »,- եզրափակեց  կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: