Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գալուստ Սահակյանը շնորհավորել է երիտասարդներին

Պաշտոնական
80fd08f7a78d08f3fc9768275258eb58

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ «Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: Այս տարի նշեցինք Հայաստանի անկախության 25-ամյակը: Այն ոչ միայն մեր պատմության փայլուն էջն է, այլեւ ժամանակի երիտասարդության մեծագույն ձեռքբերումներից մեկը, որովհետեւ 25 տարի առաջ հենց երիտասարդությունն էր անկախության հիմնաքարը հանդիսացած արցախյան շարժման ամենաակտիվ ուժը: Այսօր էլ երիտասարդությունը քաղաքական գործընթացների կիզակետում է եւ քաղաքացիական հասարակության հիմքը` ավելի ինքնուրույն, ավելի խելամիտ ու ավելի նախաձեռնող գործելակերպով, ավելի թարմ շնչառությամբ: Իսկ թարմ շնչառության ու թարմ գաղափարների անհրաժեշտություն եղել է ու կա բոլոր ժամանակներում եւ բոլոր այն երկրներում, որտեղ ոչ միայն ցանկանում են առաջ շարժվել, այլեւ իսկապես քայլում են այդ ուղղությամբ: Այն, որ այսօրվա երիտասարդներն ավելի լավ են կողմնորոշվում, թե ինչպես ապրել, ինչպես եւ ինչի մասին երազել ու ինչպես իրականություն դարձնել երազանքը, անկախության լավագույն ձեռքբերումներից է եւ անխուսափելի անհրաժեշտություն ներկա ժամանակներում: Աշխարհն ավելի գործնական, ավելի զգացմունքազերծ ու նույնիսկ ավելի սառն է դարձել` պարտադրելով հնարավորինս խուսափել այն մտածելակերպից, թե ով պետք է մեզ ինչ-որ բանով օգնի, ով պետք է մեզ ինչ-որ բան նվիրի: Հաջողության են հասնում նրանք, ովքեր չեն տրտնջում եւ խղճահարություն չեն ակնկալում, ովքեր նպատակասլաց առաջ են շարժվում, ովքեր մտածում են եւ միտքը` գաղափար, գաղափարը` գործ դարձնում, ովքեր հաջողությամբ կարողանում են համադրել ավանդույթն ու նորարարությունը, ովքեր գիտակցում են, որ իրենց հաջողությունը իրենց երկրի ու ժողովրդի հաջողությունն է, իրենց ճակատագիրը` երկրի ճակատագիրը: Վստահ եմ, որ դուք` Հայաստանի երիտասարդներդ, լիարժեքորեն եք զգում ժամանակն ու պահը, ձեր պատասխանատվությունը երկրի ճակատագրի հանդեպ եւ պատրաստ եք գործնականորեն մասնակցել այն ապագայի կերտմանը, որը երազում եք եւ որին էլ ուղղված են ձեր միտքն ու խոհը, ձեր խոսքն ու գործը»,-ասված է ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում: