Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրացման գոտու բնակիչները պնդում են՝ մարդկության դեմ հանցագործության զոհ են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
evradataran

Արդեն 10 տարի երևանցիներ Իրինա Եդիգարյանն ու Գագիկ Սարգսյանը անօթևան են։ Երևանի կենտրոնում գտնվող նրանց բնակարանները պետությունը հայտարարել է իրացման գոտի ու քանդել։ Իրինա Ենգիբարյանը պապական բնակարանը կորցրել է 2004 թվականին։ «Հոկտեմբերի 6-ին ԴԱՀԿ ծառայությունը վտարեց մեզ մեր սեփական տնից։ Այդ ժամանակ քույրս հայտնվեց մահամերձ վիճակում։ ԴԱՀԿ ծառայության հարկադիր ծառայության օրենքի համաձայն իրենք պետք է դադարեցնեին գործողությունները երկու շաբաթով։ Բացի այդ՝ չգույքագրեցին տնից հանված իրերը»,- ասում է նա։ Իրինա Եդիգարյանին ԴԱՀԿ-ն թույլ չի տվել նաև բողոքարկել վտարման որոշումը: Անհամարժեք է եղել նաև առաջարկվող փոխհատուցումը։ Պուշկինի 34 հասցեում տիկին Իրինան ունեցել է 1100 քառակուսի մետր մակերեսով սեփականություն։ Սակայն կադաստրի կողմից գրանցված է եղել 50 քառակուսի մետրը։ Ինքը չի հասցրել գրանցել սեփականությունը, իսկ պետությունն շտապել է հենց այդքանի համար փոխհատուցում առաջարկել։ «50 քառակուսի մետրի համար իրենք գնահատել էին 25000 ԱՄՆ դոլար, բայց ինձ տալիս էին 12800 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Բնականաբար՝ ոչ ոք չէր կարող համաձայնվել դրա հետ, քանի որ ամբողջը իմ պապական սեփականությունն էր»,- ասում է տիկին Իրինան։ Տիկինը փորձել է սեփականության նկատմամբ իրավունքը վերականգնել դատական ճանապարհով։ Հայաստանյան ատյաններում հաջողության չի հասել։ 2012 թվականին ՄԻԵԴ-ը ճանաչել է իրավունքի խախտումը՝ պարտավորեցնելով Հայաստանին վճարել 29 միլիոն դրամ գումար։ Չափը, սակայն տիկին Իրինային չի բավարարել։ Նույն պատմությունը պատահել է նաև Ամիրյան 4/18 բակում բնակարան կորցրած Գագիկ Սարգսյանին։ Տիկին Իրինայի հետ համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու և կառավարության կողմից իրենց գույքի գնահատումը հակասահմանադրական ճանաչելու համար դիմել են Սահմանադրական դատարան։ «Սահմանադրական դատարանը պահելով գործը մոտ ամիսուկես՝ որոշում կայացրեց, որ քննարկման ենթակա չի»,- նշեց Իրինա Եդիգարյանը։ Բնակարաններից զրկված քաղաքացիները պետության կողմից արհամարհված են զգում։ Սահմանափակվել են հիմնարար ազատություններն ու իրավունքները, ինչի հետևանքով չեն կարողանում սոցիալական ծառայություններից օգտվել։ Գագիկ Սարգսյանն իրենց վիճակը հետևյալ կերպ է ներկայացնում. «Ոչ նպաստ ենք ստանում, ոչ թոշակ ենք ստանում, ոչ էլ ընդունում են աշխատելու։ Մարդկության դեմ հանցագործություն է, ո՞նց պիտի սնվենք, ո՞ւմ պիտի գնամ ողորմություն խնդրեմ, որ փող տա ես ապրեմ»։ Չնայած մերժմանը, նրանց հույսը կրկին Սահմանադրական դատարանն է։ Բարձրագույն ատյանը պետք է քննության առնի իրենց դիմումները և արդար որոշում կայացնի՝ ճանաչելով պետության կողմից իրավունքի ոտնահարումը։ Հակառակ պարագայում ստիպված կլինեն կտրուկ քայլերի դիմել։