Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանցի արքեպիսկոպոսը կարող է ընտրվել Պոլսո Հայոց պատրիարք (տեսանյութ)

Քաղաքականություն
turqaget

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը պատմական չի կարող անվանել այն, որ Պոլսո Հայոց պատրիարքարանը որոշել է նոր պատրիարքի ընտրությունների հայտ ներկայացնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ դա սովորական երևույթ է եւ կարող էր արվել տարիներ առաջ: «Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի հիվանդությունը նոր չէ: Նա տարիներ շարունակ, բժիշկների խոսքով, բուսական կյանքով է ապրում: Նրան փոխարինում է Արամ Աթեշյանը: Դեռ ութ տարի առաջ, երբ պատրիարքն այևս չէր կարողանում  իրականացնել իր պարտականությունները, պատրիարքարանը պետք է նոր պատրիարքի ընտրությունների հայտ ներկայացներ Թուրքիայի իշխանություններին»,-նշեց նա: Թուրքագետի խոսքով՝ տարիներ շարունակ ձգձգված գործընթացն այսօր իրականանում է գլխավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Բունդեսթագի որոշման հրապարակումից հետո Աթեշյանի հնչեցրած մտքերի պատճառով, որոնք արդարացի զայրույթ առաջացրեցին աշխարհասփյուռ հայության մոտ: Ռուբեն Մելքոնյանը չկարողացավ հստակ նշել, թե պատրիարքի ընտրությունները երբ կլինեն: Դա կախված է նրանից, թե Թուրքիայի իշխանությունները երբ կտան իրենց համաձայնությունը, որը նույնպես, եթե ցանկանան, կարող են տարիներով ձգձգել: Ինչ վերաբերում է հնարավոր թեկնածուներին, ապա Մելքոնյանը նշեց, որ այս պահին կա երեք թեկնածուի անուն, ովքեր հայտարարել են, որ առաջադրվելու են: «Մեկը Արամ Աթեշյանն է, որը համայնքում վստահաբար ունի շատ ցածր վարկանիշ, մյուսը Գերմանիայի թեմի առաջանորդ Գարեգին Բեկչյանն է,  եւ երրորդը Հայաստանի Գուգարաց Թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, որը ծնունդով Թուրքիայից է»: Բանախոսը նշեց, որ հայաստանցի թեկնածուն ամեն առումներով ֆավորիտ է եւ, եթե թուրքական իշխանություններն իսկապես արդարացի ընտրություններ անցկացնեն, ապա  շատ հետաքրքիր իրավիճակ կստեղծվի: