Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ավրորա» նախաձեռնության երկրորդ դրամաշնորհը՝ Մատենադարանին

Հասարակություն
matenadaran

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում: «Ավրորա» նախաձեռնությունը Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին 20 հազար դոլարի դրամաշնորհը որոշել է տրամադրել հոկտեմբերի 8-ին` Սուրբ Թարգմանչաց տոնին՝ միանալով Հայաստանի մշակութային արժեքներն օտարերկրացիներին լավագույնս ներկայացնելու ջանքերին: Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվելու է Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարների դասընթացը Գերմանիայում: Դասընթացի շրջանակում նրանք կայցելեն թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու թանգարանային կառավարման և ներկայացման նորագույն սկզբունքներին, ինչպես նաև զարգացնելու օտար լեզուներով աշխատող գիդ-էքսկուրսավարների անհրաժեշտ հմտությունները: «Մատենադարանը, լինելով գիտական կառույց, կարևորում է տեղեկատվության մատուցման որակը և ճշգրտությունը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում գիդերի մասնագիտական պատրաստվածությանը: Այս համագործակցությունը մեզ համար չափազանց կարեւոր է, և մենք ուրախ ենք, որ այն աստիճանաբար ստանում է ռազմավարական բնույթ»,- նշել է թանգարանային կառավարման գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը։ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, որպես գիտական և մշակութային կենտրոն ունի օտարերկրյա զբոսաշրջիկների ամենամեծ հոսքը։ «Դրամաշնորհի տրամադրման որոշումը Սուրբ Թարգմանչաց տոնին կայացնելն ավելին, քան խորհրդանշական է: Այս դրամաշնորհով մենք հպարտությամբ շարունակում ենք 5-րդ դարի թարգմանիչների ավանդույթները` ամրապնդելով հայերի և Հայաստանի տեղը համաշխարհային մշակույթի մեջ:  Հայաստանի մշակութային ժառանգությունը լավագույնս ներկայացնելը որակավորված գիդ-էքսկուրսավարների միջոցով շատ կարևոր է, և այն համընկնում է մեր նախաձեռնության որդեգրած սկզբունքների հետ», - ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Մատենադարանն առաջին անգամը չէ, որ համագործակցում են: Հիշողության պահպանման «Armenian Memory Act» նախագծի շրջանակում 2015 թվականին ինստիտուտը, ստանալով 25 հազար դոլարի դրամաշնորհ, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելի հետազոտողների ու հանրության համար: Արդեն շուրջ 700 ձեռագիր մատյան և հազվագյուտ արխիվային փաստաթղթեր են թվայնացվել ծրագրի օգնությամբ. թվայնացման գործընթացը շարունակվում է: «Ավրորա» նախաձեռնության Հիշողության պահպանման «Armenian Memory Act» ծրագիրն ուղղված է պահպանելու հայկական ժառանգության մասին փաստող արխիվների և փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը:   «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին «Ավրորա» նախաձեռնության նպատակն է ստեղծել համաշխարհային մարդասիրական շարժում։ Այն իր արմատներով հասնում է Հայոց ցեղասպանություն, որին զոհ գնաց ավելի քան մեկուկես միլիոն հայ, ու հիմնված է այդ տարիներին տեղ գտած խիզախության ու վերապրումի ոգեշնչող պատմությունների վրա։ Սակավաթիվ հաջողակներ փրկվել են բացառապես խիզախ անհատների եւ մարդասիրական կազմակերպությունների միջամտության շնորհիվ։ Մեկ դար անց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը եւ փառաբանելով մարդասիրությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ստեղծում, ներառում եւ օժանդակում է նախագծեր, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունն աշխարհի առավել հրատապ մարդասիրական հիմնախնդիրներից շատերի վերաբերյալ եւ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ։ Այդ նախագծերից են «Ավրորա» մրցանակը, Aurora Dialogues քննարկումները, «Ավրորա» մարդասիրության ցուցիչը, Երախտագիտության նախագծերը եւ 100 LIVES նախաձեռնությունը։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը IDeA (Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ) բարեգործական հիմնադրամի ձեռնարկումն է։ Մատենադարանի մասին Հիմնադրվել է գրերի գյուտից անմիջապես հետո (5-րդ դ.)։ Մատենադարանը 1959 թվականին ստացել է գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ։ Հին ձեռագրերի և փաստաթղթերի ուսումնասիրման ինստիտուտ է, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Մատենադարանն ունի աշխարհում գրավոր հուշարձանների ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են ավելի քան 22000 ձեռագիր մատյաններ և շուրջ 1000000 արխիվային փաստաթուղթ։ Մատենադարանը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային հիշողության ցանկում։ 2014 թ. գրավոր ժառանգության պահպանման ու վերականգնման ոլորտում դարձել է Բազային կազմակերպություն։