Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նոր պաշտոնյաները նշանակվել են անձնական նվիրվածության սկզբունքով» (տեսանյութ)

Քաղաքականություն
as-1

«Նոր պաշտոնները նշանակվում են անձնական նվիրվածության սկզբունքով՝ կամ վարչապետին, կամ նախագահին. ճանաչում են, վստահում են, նշանակում են»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանում տեղի ունեցող վերջին փոփոխությունների մասին, ասաց ԳԽ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը: Նրա խոսքով՝  այս կամ այն նախարարին նշանակելիս՝ հասարակությանը չի հաղորդվում, թե ինչ առավելությունների հիման վրա են տվյալ մարդուն նշանակում. «Ես չեմ հավատում, թե կառավարության ծրագրերը կիրականանան, դրանք կտապալվեն, քանի որ մարդը եթե գալիս է անձին, ոչ թե գաղափարին նվիրված սկզբունքով, նա չի իրականացնի այդ գաղափարը»,-նշեց նա՝ հավելելով, որ Սյունիքի մարզպետի փոփոխությունը նույնպես նրան հույսեր չի տալիս. «Որևէ տարբերություն չեմ տեսնում: Իսկ ինչու՞ ընտրվեց Վահե Հակոբյանը, ի՞նչ սկզբունքով»,-հարցրեց Խաչատրյանը՝ ինչին ի պատասխան լրագրողներից մեկը դիտարկեց, թե վարչապետի խոսքով՝ ինքը նոր կադրերին ընտրում է՝ ելնելով նրանց պրոֆեսիոնալիզմից. «Մամուլում գրում են՝  Սյունիքը ազատագրվեց Սուրիկ Խաչատրյանից, կոմբինատը՝ Վահե Հակոբյանից: Եթե մարդն ամեն տեղ կարող է աշխատել՝ ջրային տնտեսություն, մարզպետ, նա չի կարող պրոֆեսիոնալ լինել»,-նկատեց ԳԽ նախկին պատգամավորը` նշելով, որ մարզպետը պետք է քաղաքական դեմք լինի, որպեսզի կարողանա համակարգային փոփոխություններ իրականացնի. «Մարզում մարզպետը մեկը չէ, հինգն են՝ ոստիկանապետն էլ է մարզպետ, քաղաքապետն էլ... Մարդը պետք է կարողանա նրանց բոլորի դեմն առնել»,-ասաց Խաչատրյանը: Վիգեն Խաչատրյանը նշեց, որ առաջին փոփոխությունը մեր երկրում պետք է սկսել նրանից, որ օրենքի առաջ բոլորը լինեն հավասար: «Որևէ փոքր ձեռնարկատեր այսօր օրենքով չի աշխատում, մենք բոլորս դա շատ լավ գիտենք: Մտնում ես խանութ՝ հագուստի կամ մթերքի, որտեղ մարդն իր օրվա ապրուստն է վաստակում, զգում ես լարված է, վախեցած, որովհետեւ հարկային տեսուչների հետ են աշխատում, ոչ թե օրենքով, որովհետև օրենքով աշխատելու դեպքում կրկնակի տուժելու են»,-ասաց նա: Ասուլիսին ներկա ՀՀԿ-ական Մկրտիչ Մինասյանն էլ հավելեց, թե դեռ պետք է սպասել այն փոփոխություններին, որը նոր կառավարությունը պատրաստվում է իրականացնել. «Փոփոխությունների նպատակն այն է, որ նորովի մտածող մարդկանցով, որոնք հանրության մեջ որևէ բացասական արձագանք չունեն, հասնենք տնտեսության զարգացմանն ու բարելավմանը»,-ասաց նա: Ինչ վերաբերվում է հարկային դաշտին, ապա, ՀՀԿ-ականի խոսքով, Վիգեն Խաչատրյանի ասածը 10-15 տարվա հնություն ունի, եւ այսօր նման բաներ չեն կատարվում: