Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վարչապետի մտածելակերպը սխալ է». Արամ Սաթյան (տեսանյութ)

Հասարակություն
asulis-S

Վարչապետի այն հայտարարությանը, որ մշակութային  տարբեր ոլորտներ պետք է ոչ թե գումար խնդրեն պետությունից, այլ կարողանան իրենք աշխատել ու մի բան էլ հարկեր վճարել պետությանը, Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը կտրուկ է  արձագանքում. «Պետք է ներդնել, որ ստանալ: Պետք է գիտենալ ներքին խոհանոցը. Դա սխալ մտածելակերպ է»: Ստեղծագործական միություններին քիչ ուշադրություն է դարձվում: Արամ Սաթյանը հիշում է Խորհրդային տարիներին ստացած իր աշխատավարձը. կարելի էր մեքենա գնել: Այսօր շատ արվեստագետների վարձատրությունը չնչին է. «Ես կուզենայի, որ որևէ նախարար ստանար 50-60.000 դրամ աշխատավարձ ու ապրեր»: Գրողների միության նախագահն էլ առաջ է մղում գրահրատարակչության խնդիրները: Ի տարբերություն այլ կարծիքների՝ Էդվարդ Միլիտոնյանը նկատում է, որ նախկինում էլ աշխատանք տարվել է այս ուղղությամբ: Մշակույթի նորանշանակ նախարարի հետ դրական հույսեր է կապում. «Մշակութային քաղաքականության ամեն մի փոփոխություն հույս է ծնում, որ լավ կլինի»: Էդվարդ Միլիտոնյանը լավ արդյունքներ կակնկալի, եթե նախարարությունում հայտնվեն բանիմաց մասնագետներ, ոչ թե զուտ կատարողներ. «Որևէ նախարար ի վիճակի չէ միայնակ որոշելու, թե ինչ պետք է արվի»: Գրողների միության նախագահը կարևորում է և՛ հին, և՛ նոր հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը: Այդ ամենի համար համակարգված մոտեցում է պետք, և ոչ միայն. «Եթե բյուջեն չպետք է կարևորվի այնքան, որ դառնա ռազմավարական, ուրեմն ամեն ինչ սխալ կլինի»: