Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

131 պատգամավորից 71-ը ընդհանրապես մեկուսացած է. հետազոտություն (տեսանյութ)

Քաղաքականություն
e10fd578d6c9014af5e11c3ce731967e

Հանրային մեծ նշանակության օրենքների վրա աշխատելու համար պատգամավորներն ամենաքիչ ժամանակն են ծախսել։ Բացի այդ՝ ընդունված 112 օրենքներից 2/3-ը կամ 74-ն ընդունվել է արտահերթ նստաշրջանների ընթացքում։ Ներկայացնելով Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի մոնիթորինգի արդյունքները՝ հայտարարում է ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը. «Ամենակարևոր օրենսդրական ակտերը, ամենակարևոր օրենքները՝ Ընտրական օրենսգիրք, Հարկային օրենսգիրք, ՀՕՊ համաձայնագիր, Կառավարության կառուցվածքի մասին օրենք՝ բոլորն ընդունվել են առաջին ընթերցմամբ»։ Ըստ ուսումնասիրության՝ որևէ բարելավում չկա, ընդհակառակը՝ վատացել է  պատգամավորների նախաձեռնողականության մակարդակը. Նրանք սկսել են ավելի քիչ մտածել օրենքներ գրելու մասին. «Ամենացածր ցուցանիշներից մեկն է արձանագրվել 9-րդ նստաշրջանի ընթացքում. 95%-ը Կառավարության և միայն 5%-ը պատգամավորների նախաձեռնությամբ է օրենք ընդունվել։ Նախորդ խորհրդարանում այդ ցուցանիշը եղել է 7%։ 112 օրենքից միայն 5-ի հեղինակն է Ազգային ժողովը»։ Չի փոխվել լուռ պատգամավորների թիվը։ Լուսինե Վասիլյանը պնդում է՝ պատգամավորների կեսից ավելին ընդհանրապես օրենսդրական քննարկումների ժամանակ հարցեր ու ելույթներ չի ունենում։ 131 պատգամավորից 71-ը ընդհանրապես մեկուսացած է, որևէ կապ չունի օրենսդրական գործունեության հետ»։ Այս պատգամավորների մեծ մասը ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից են։  ԱԺ մոնիտորինգ ծրագրի ղեկավարը մանրամասնեց. «ՀՀԿ-ում 69 պատգամավորից հարց չի տվել ու ելույթ չի ունեցել 53-ը, ԲՀԿ-ում 33-ից՝ 24-ը»։ Համաձայն նույն ուսումնասիրության տվյալների՝ ամենից շատ կողմ քվեարկել է իշխող Հանրապետական կուսակցությունը՝ 90% արդյունք բոլոր քվեարկություններից։ Ամենից շատ դեմ է քվեարկել «Ժառանգություն» կուսակցությունը, ավելի հաճախ չեն կողմնորոշվել, ձեռնպահ են քվեարկել ՕԵԿ-ի պատգամավորները։ Իսկ ահա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ամենից շատ չքվեարկած ու բացակայած պատգամավորներ ունեցող խմբակցությունն է։