Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գելլափ Ինթերնեյշնլ»-ը Գյումրիում գերադասել է հետազոտություն չանցկացնել (տեսանյութ)

Քաղաքականություն
gelap

«Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչությունը Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ հետազոտություն է անցկացրել՝ պարզելու համար, թե քաղաքական կուսակցություններն ինչ վարկանիշ ունեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել են 600 հոգու շրջանում՝ սեպտեմբերի 23-ից 28-ն ընկած ժամանակահատվածում: Համաձայն դրանց՝ վանաձորցիները համակրում են ՀՀԿ-ին: «Հարցին, թե որ կուսակցությանն եք ձայն տալու, վանաձորցիների 2,3 տոկոսը պատասխանել է ոչ մեկին, 20,9 տոկոսը դժվարացել է պատասխանել: Հարցվածների 33 տոկոսը նշել է ՀՀԿ-ն, 6,9 տոկոսը՝ «Լուսավոր Հայաստան», 3,9 տոկոսը նշել է ԲՀԿ, 2,3 տոկոսը՝ ՀՅԴ, 2,7 տոկոսը՝ «Հայկական վերածնունդ», 0,8 տոկոսը՝ «Համախմբում», 0,4 տոկոս՝ «Քաղաքացիական պայմանագիր», 0,2 տոկոսը՝ ՀԱԿ»: Հարցին, թե գո՞հ են արդյոք գործող քաղաքապետից, վանաձորցիների 44,7 տոկոսը պատասխանել է միանշանակ ոչ, եւ միայն 7,8 տոկոսը՝ միանշանակ այո: Վանաձորի ամենակարևոր խնդիրներից հարցվածների 62,3 տոկոսը նշել է ճանապարհների վատ վիճակը, 38,5 տոկոսը՝ աշխատատեղերի բացակայությունը, 34,5 տոկոսը՝ աղբահանության խնդիրը, իսկ 11,3 տոկոսը՝ աղքատության բարձր մակարդակը: «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրենի խոսքով՝ 5-6 տարվա աշխատանքի ընթացքում առաջին անգամ այս հարցումների ժամանակ արձանագրել են ընտրություններին մասնակցության ամենաբարձր ցուցանիշը. վանաձորցիների 86,8 տոկոսը նշել է, որ մասնակցելու է  ՏԻՄ ընտրություններին: Ի դեպ, «Գելլափ Ինթերնեյշնլ»-ը մտադիր էր նաեւ հետազոտություն անցկացնել Գյումրիում, սակայն քաղաքապետի թեկնածուի որդու սպանությունից հետո մտափոխվել են. «էմոցիոնալ ֆոնը կխանգարեր»: