Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե չլիներ 1996-ը, չէին լինի թե՛ հոկտեմբերի 27-ը, թե՛ մարտի 1-ը, թե՛ «Սասնա ծռերը»

Քաղաքականություն
arm-1777-32449_large

ԱԺՄ կուսակցության նախագահ, ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր կայքում գրել է. Հայաստանի նորանկախ պատմության ամենախայտառակ էջերից մեկը 1996 թվականի նախագահական ընտրություններն են, որոնք ճակատագրական ջրբաժան գծեցին Հայաստանի պատմության մեջ` նորանկախ երկիրը տանելով բոլորովին այլ ուղիով: Այդ օրվանից սկսած՝ Հայաստանում արմատավորվեց ընտրությունների կեղծման գործելակերպը` դառնալով չարիք, պետության զարգացման ու առաջընթացի խոչընդոտ: Շատերը գուցե խորությամբ չեն էլ գիտակցում 1996-ին իշխանությունը կեղծիքների գնով պահելու հետևանքները պետության հետագա ընթացքի վրա, սակայն դա մի հարված էր, որից Հայաստանը ուշքի չի գալիս մինչ օրս: Իհարկե, 1996-ի իրական գնահատականը կտա ժամանակը, իսկ այսօր մենք կփորձենք այդ օրերի մեկնաբանությունը ստանալ մի մարդուց, որն այդ ամենի կիզակետում ու թիրախում է եղել: 1996 թվականին ընդդիմությունը միավորվեց լուրջ հակակշիռ դառնալու և ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու նպատակով: Ընդդիմության միասնական թեկնածու դարձավ ԱԺՄ-ի նախագահ Վազգեն Մանուկյանը: Վերհիշելով 20 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները` Մանուկյանը մեծ ցավ է ապրում, քանի որ այն ժամանակվա իշխանությունները, փաստորեն, տեր չկանգնեցին 88-ի շարժման՝ ազատ, արդար ու առաջադեմ երկիր ստեղծելու գաղափարներին: «Սա ամենևին էլ անձնական խնդիր չէ,- ասում է նա,- 1996 թվականին ժողովուրդը հասկացավ, որ խաբված է, և այդ կարծիքը մինչ օրս չի փոխվել: Ոչ թե ինձնից խլեցին նախագահ դառնալու իրավունքը, այլ ժողովրդից խլեցին իր ձայնի իրավունքը: Ժողովուրդը կոտրվեց, հասկացավ, որ այդ երկիրն իրենը չի: Կոտրվեց այն գաղափարը, որ մենք 88 թվից ժողովրդի մեջ մտցրել էինք, որ էս հողը ձերն է, էս պետությունը ձերն է, ամեն ինչ ձերն է: Եվ դրանից հետո արտագաղթի մեծ ալիք բարձրացավ, ժողովրդի մի հսկա հատված, որը պայքարող էր ու առաջադեմ, հիասթափված թողեց-գնաց: Ու դրանից հետո հիասթափությունը գնալով խորացավ: Այն, ինչ արեցին իշխանությունները 1996 թվականին, պատմական հանցագործություն էր մեր պետության դեմ»: Մանրամասներն՝ այստեղ