Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գազաֆիկացված գյուղերում գազ չեն օգտագործում (տեսանյութ)

Տնտեսություն
lori-1

Լոռու մարզի՝  շուրջ 5000 բնակիչ ունեցող Մարգահովիտ գյուղը  թեև գազաֆիկացված է, սակայն կապույտ վառելիքի մասին տեղացիները չեն էլ մտածում։ Նրանք նախընտրում են փայտ վառել: Նույն պատկերն է անտառամերձ մյուս համայնքներում: Նման պայմաններում ծառերի անօրինական հատումներից խուսափել ոչ միշտ է ստացվում: «Եթե մարդը մրսում է, իր երեխան մրսում է, նրան արդեն ոչինչ չի կանգնեցնի: Նախկինում եղել են դեպքեր, երբ մարդիկ կացիններով  հարձակվել են իրենց ճանապարհը փակած անտառապահների վրա»,-ասում է Գուգարքի անտառտնտեսության տնօրեն Արեն Աղաբաբյանը: Չի փրկում անգամ կառավարության որոշումը, որի համաձայն՝ անտառամերձ համայնքների բնակիչներին մինչեւ 8 խորանարդ մետր թափուկը տրամադրվում է անվճար: «Դա վերաբերվում է չոր ճյուղերին, բայց անտառը նման չոր ճյուղեր չի արտադրում, անտառի հնարավորությունները սահմանափակ են»,-նշեց նա: Արեն Աղաբաբյանի խոսքով՝ բնակիչները կարող են գնել վառելափայտ՝ անտառի առանձնացված հատվածներից՝ 1 խորանարդ մետրի դիմաց վճարելով 6000 դրամ: Իսկ ահա,  հարևան Վրաստանում անտառամերձ համայնքների բնակիչները նույն չափի վառելափայտը գնում են 3 դոլարով, ինչը համարժեք է մոտ 1500 դրամին: Բայց սա նրանց միակ առավելությունը չէ: Հայաստանում անտառապահներն ապահովված չեն աշխատանքային ամենատարրական գործիքներով՝ ի տարբերություն վրացիների: «Մեր աշխատակիցները պաշտպանված չեն, ասենք, քաղաքացին ու աշխատողը չեն տարբերվում, ֆորմա չունեն, մենք դրա համար շատ դժվարանում ենք անտառը պահպանել, մեխանիզմ չունենք, տրանսպորտ չունենք»,- ասաց Լալվարի անտառտնտեսության տնօրեն  Հարություն Ամիրջանյանը: Վրաստանի Քվեմոքարթլիի անտառտնտեսության աշխատակցի խոսքով էլ՝ իրենց յուրաքանչյուր աշխատակից ունի հատուկ համազգեստ, որը տրամադրում է անտառտնտեսությունը: Բացի այդ, ունեն մեքենաներ՝ ամենագնաց  Ջիպեր, ՈՒԱԶ-ներ: ENPI FLEG II ծրագրի շրջանակներում կազմակերպված մեդիատուրի ընթացքում հայ եւ վրացի լրագրողները սեփական աչքով տեսան ու ծանոթացան երկու կողմերի հնարավորություններին ու հատկապես այն պաշտպանական միջոցներին, որոնցից հայ անտառապահները զրկված են: ENPI FLEG II ծրագիրն իրականացնում է Համաշխարհային բանկը  Բնության պահպանության միջազգային միության (IUCN) և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հետ միասին՝  Ավստրիական համագործակցության զարգացման գործակալության աջակցությամբ: