«Ռուսաստանից է գալիս վտանգը» (տեսանյութ)
ԵՏՄ անդամակցությունը մեզ ոչինչ չի տվել. տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանին զարմացնում է այն փաստը, որ Ռուսաստանը շարունակում է զենք վաճառել Ադրբեջանին եւ հայտարարում է, որ դա իր տնտեսական շահերից է բխում: «Ռուսաստանը գալիս է այստեղ, իր նախարարի բերանով ասում է` լավ եմ անում, զենք եմ վաճառում Ադրբեջանին, եւ դա իմ տնտեսական շահերից է բխում: Եւ դա ասում է այստեղ եւ այդ մարդուն persona non grata չեն հայտարարում, չեն ասում այստեղից գնա եւ այլեւս այստեղ չերեւաս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սարգիս Հացպանյանը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանը չի կարող նույն բանը անել Թուրքիայում, Ադրբեջանում, ինչը մեզ հետ է անում: «Ռուսաստանը մեզանից կարծիք չի հարցնում, ինքը թելադրողի կարգավիճակում է, մենք էլ` չափից դուրս հպատակի: Դարձել ենք Ռուսաստանի գուբերնիայի ոլորտում մի մարզ, ոչ թե անկախ միավոր: Սա ափսոսալով եւ ցավ ապրելով եմ ասում, որովհետեւ անկախության 25-ամյակին մնացել են օրեր, եւ մենք չկարողացանք պետություն կերտել: Սա ամոթալի, ցավալի լուսանկարն է, ինչ ուզում եք՝ ասեք»,- այսօր հայտարարեց նա: Նրա խոսքերով՝ տարածաշրջանում եթե կա մեկը, որ կորուստի կենթարկվի, մենք ենք. «Ռուսաստանից է վտանգը, եւ Ռուսաստանի դիրքորոշումը արցախյան խնդրում ի վնաս հայերի է»: