9 -ամյա տղան երբեք դպրոց չի գնացել (տեսանյութ)

Փոքրիկների համար կառույցը, որտեղ նրանք ապրում են, պարզապես ծածկ է, որը դժվար է տուն անվանել: Չորս երեխաները մեծանում են անասնագոմի մաս կազմող մի կացարանում, որը չունի հատակ, առաստաղ, կոմունալ որեւէ պայման: Քարի ու ավազի հետ խաղը երեխաների հիմնական զբաղմունքն է: Դրանցով փակում են նաեւ տան անցքերը՝ օձերից ու առնետներից պաշտպանվելու համար:

Կոտայքի մարզի Զովունի գյուղում  ապրող ընտանիքի հայրը տան միակ աշխատողն է, որն  ամիսը մեկ անգամ է տանը գիշերում . «Պապան  սարում անասուն ա պահում, որ օրվա հացը բերի, ուտենք»,- պատմում է 9 ամյա Աշոտը:

Աշոտը տան մեծն է, քույրերին ու եղբորը խնամելու  պատասխանատվությունն իր վրա է վերցրել, որ մայրը տանը հոգսերով զբաղվի կամ մեկ- մեկ գնա օրավարձով աշխատելու։ «Էստեղ-էնտեղ գոմ եմ մաքրում, որ 1000-500 դրամ տալիս են, բերում եմ օրվա հաց»,-ասում է տան մայրը՝ Լիանա Ղուկասյանը:

Անապահով այս ընտանիքն անգամ նպաստ չի ստանում, որը գոնե մի փոքր կթեթեւացներ տան հոգսը. «Նպաստ չեմ ստանում, որովհետեւ ոչ մի տեղ գրանցում չունեմ»:

Լիանային ավելի շատ  ընտանիքի սոցիալական վիճակը չի հուզում, այլ երեխաների առաողջությունը։ 6 ամյա Սիսակը գրեթե չի խոսում, մի քանի բառ է ասում, նախադասություններ չի կազմում: Դժվարանում է նախադասություններ կազմել նաեւ 3 ամյա Գոհարիկը:

9- ամյա Աշոտն էլ երբեք դպրոց չի գնացել: «Մենք փողի պատճառով չենք գնում դպրոց՝ փող չունենք: Շոր ա պետք, պայուսակ, կոշիկ»,- նեղսրտած ասում է Աշոտը:

Բայց  Աշոտի երազանքները միայն իրեն չեն վերաբերվում.«Ուզում եմ  երեխեքը խոսան, մենք էլ էս ուրիշի տնից գնանք, մեր սեփական տունը ունենանք»:

Այս ջարդված ավտոմեքենան  երեխաների միակ խաղալիքն է: Աշոտն է գտել մոտակա աղբանոցից: Բացի հին իրերից, Աշոտը նաեւ շշեր է իր հետ բերում տուն՝ հետագայում հացի հետ փոխելու ակնկալիքով:

Ընտանիքում հիմա միայն ձմեռվա մասին են մտածում,  վառելափայտ չունենալուց բացի, հնարավոր է , որ այս ձմեռ անգամ տանիք չունենան:  Տնակի տերն արտասահմանում է, ասել է, որ սեպտեմբերի վերջ վերադռնալու է  եւ խնդրել է ազատել տարածքը: