Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծնելիությունը նվազել է Գեղարքունիքում, Տավուշում, Սյունիքում (տեսանյութ)

Քաղաքականություն
demografia

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության  բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց 2016 թվականի առաջին կիսամյակի ժողովրդագրական տվյալները: Ըստ դրա՝ 2016 թվականի հունվար-հունիս ժամանակահատվածում Հայաստանում մշտական բնակչության ցուցանիշը կազմել է 2 միլիոն 995 հազար 100 մարդ, ինչը 0,3 տոկոսով կամ 10 հազար 400 մարդով նվազ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչ վերաբերում է ծնունդների թվին, ապա տարվա առաջին կիսամյակում մեր երկրում ծնվել է 18 439 մարդ: Կույումջյանի խոսքով՝ այս թիվը նույնպես նվազել է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝  1,2 տոկոսով: 2016-ի առաջին կիսամյակում գրանցվել է 14 306 մահվան դեպք, ինչը  2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,6 տոկոսով: «Ծնելիության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Երեւանում, Արարատի եւ Կոտայքի մարզերում, իսկ ամենացածրը՝ Գեղարքունիքի, Տավուշի եւ Սյունիքի մարզերում: Մահացության բարձր ցուցանիշ է գրանցվել Լոռու մարզում, ինչի արդյունքում այնտեղ գրանցվել է բնական նվազում, այսինքն՝ մահվան դեպքերը գերազանցել են ծնունդներին»,-ասաց Կույումջյանը: Իսկ որո՞նք են մահվան պատճառները: ԱՎԾ՝ այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ ամենաշատ մահացության դեպքերը՝ 47,1 տոկոս, եղել են  արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, 21,1 տոկոս՝ նորագոյացություններից, 4,4 տոկոս դժբախտ պատահարներից: Ի դեպ, մասնագետի խոսքով, տարեսկզբից 8,2 տոկոսով ավելացել է մինչեւ 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը: Կարինե Կույումջյանը նշեց, որ 2016-ի առաջին կիսամյակում նվազել է թե ամուսնությունների, թե ամուսնալուծությունների թիվը: Այսպես, այս տարվա հունվար-հունիս ժամանակահատվածում գրանցվել է 7739 ամուսնության, ինչը 9,8 տոկոսով նվազ է 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Գրանցվել է 1753 ամուսնալուծություն, որը 7,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Տիկին Կույումջյանը հավելեց, որ ամուսնությունների բարձր ցուցանիշով առաջատար են Երեւանը, Վայոց ձորը, Կոտայքը, իսկ ամենացար ցուցանիշն ունեն Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերը: Ամենաշատը ամուսնալուծվել են Լոռու եւ Տավուշի մարզերում: Բանախոսը ներկայացրեց նաեւ, թե 2016 թվականի հունվար-հունիս ամիսներին քանի աղջիկ եւ տղա է ծնվել Հանրապետությունում: ԱՎԾ տվյալներով՝ աղջիկների թիվը կազմել է 8863, տղաներինը՝ 9576: Տիկին Կույումջյանը նկատեց, որ եթե նախորդ տարիներին տղա-աղջիկ հարաբերակցությունը կազմել է 113, այսինքն՝ 113 տղա 100 աղջկա հաշվով, ապա 2016 թվականի առաջին կիսամյակի տվյալներով այդ թիվը 108 է: «Իհարկե, սա ուրախալի փաստ է, բայց վերջնական թվի համար գոնե մեկ տարվա տվյալներ պետք են»,-ասաց նա: Ի դեպ, այս տարի անունների ընտրության հարցում ծնողները նախապատվությունն ամենաշատը տվել են Նարե, Մարիա, Մարիամ, Մանե, Անգելինա, Անի, Մարի, Միլենա, Անահիտ, Էլեն, Դավիթ, Նարեկ, Ալեքս, Տիգրան, Գոռ, Արթուր, Սամվել, Էրիկ, Արման եւ Հայկ անուններին: