Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարժական ինտերնետը «խլացվել է»

Հասարակություն
8c224ad0ebd6051db605d921dd1772c9

Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների բնակիչները «Ա1+»-ին ահազանգում են Ucom շարժական կապի օպերատորի բջջային ինտերնետ ծառայության անհասանելիության մասին։ «Կապը վատացել է, առաջ եթե մեկ գործողությունը բջջային ինտերնետով տևում էր 1-2 վայրկյան, հիմա՝ րոպեներ են պետք։ Մենք գումար վճարում ենք ծառայություն ստանալու համար, ոչ թե քամուն փող ենք տալիս»։ Ucom ընկերությունում չժխտեցին նշված խնդրի առկայությունը։ Տեխնիկական աշխատողներից մեկը հետևյալ մեկնաբանությունը տվեց. «Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ Շենգավիթ և Էրեբունի համայնքներում խլացվել է ինտերնետ հասանելիությունը, հնարավոր է նաև՝ ծանրաբեռնվածություն լինի։ Մեր մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու համար»։ Արդյո՞ք անվտանգության ծառայություններն են ինտերնետ խլացնողները, թե բջջային օպերատորն է նման նախաձեռնություն ցուցաբերել, հստակ պատասխան չտրվեց։ Ավելի վաղ Ucom ընկերության ծառայություններից բողոք էր արտահայտել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Նրա պնդմամբ՝ ընկերությունն անջատել էր, այնուհետ վերականգնել թեժ գծի հեռախոսահամարը, որով ոստիկանական բռնությունների դեպքում քաղաքացիները պետք է ահազանգեին։ Ընկերության կայքում խնդրի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չկա։ Հավելենք, որ ինտերնետի հետ կապված ժամանակ առ ժամանակ խնդիրներ են ունենում նաև մյուս օպերատորների բաժանորդները։