Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռուսաստանն իր հացը թաթախում է հայ զինվորի արյան մեջ եւ ուտում» (տեսանյութ)

Քաղաքականություն
azat

«Մենք չենք կարող հաշվի չառնել Ռուսաստանի շահերը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստին, ասաց  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի հետ բարեկամ լինելով, միեւնույն ժամանակ փորձում է բարեկամներ ունենալ նաեւ Ադրբեջանում. «Բազմիցս ասել եմ, որ մենք որեւէ կերպ այդ պրոցեսի վրա ունակ չենք ազդելու, դա մեծ քաղաքականություն է, մեծ բիզնես շահեր են: Ռուսաստանը զենքի միջոցով փորձում է իր ազդեցությունը պահել այս կամ այն տարածաշրջանում: Մենք չենք կարող հաշվի չառնել, որ գործ ունենք գերտերության հետ եւ այն բավարարաված չէ միայն Հայաստանի հետ բարեկամությամբ»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է մտածել ոչ թե Ադրբեջանին զենք վաճառելն արգելելու մասին, այլ զարգացնել սեփական ռազմաարդյունաբերությունը: Տիկին Սարգսյանը վստահ է, որ մենք ունենք այդ պոտենցիալը: «Դա, իհարկե, երկարաժամկետ ծրագիր է, բայց երբեք ուշ չէ սկսել, որովհետեւ ես չեմ կարծում, թե ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը շատ արագ լուծվելու է»: Ասուլիսին ներկա նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը համաձայն չէ այն կարծիքին, թե մենք ի զորու չենք դիմակայել կամ պայքարել ռուս-ադրբեջանական բարեկամության դեմ. «Մենք կարող ենք դիմակայել, մրցել, հակադրվել եւ կարող ենք հաղթել: Մեզ սովորեցրել են, պարտադրել, որ մենք ի վիճակի չենք ինքնուրույն վճիռներ կայացնելու: Մենք կարող ենք ունենալ ռազմաարդյունաբերական համալիր, մրցունակ զենք արտադրել, բայց դրա համար պետք է ունենալ քաղաքական իշխանություն, որն ունի քաղաքական կամք: Մեզ մոտ կոլխոզի մակարդակով կառավարություն են ձեւավորել, որը մեր հնարավորությունները չափում է իր անձնական պոտենցիալով»: Ըստ Ազատ Արշակյանի՝ Ռուսաստանը Հայաստանը համարում է թերարժեք պետություն. «Ռուսաստանը մեզ բարեկամ, դաշնակից չէ: Ռուսաստանը չի հրաժարվել իր իմպերիական նկրտումներից: Այսօր մենք չենք կարող գազատար ունենալ Իրանում, էժան գազ, էժան նավթ գնել, քանի որ մեզ արգելել են»,-ասաց նախկին պատգամավորը: Ըստ նրա՝ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում երկու պատճառով. «Առաջինը՝ պարտավոր է պայմանագրով երաշխավորել Ադրբեջանի՝ իր իսկ գծած սահմանների անձեռնմխելիությունը: Եվ երկրորդ՝ սիրում է, որ իր հացը արյունով ուտի: Իր հացը պետք  թաթախի հայ զինվորի արյան մեջ եւ ուտի»,-եզրափակեց նա: