Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԻԼԻԿԻԱՅԻՆ» ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Սպորտ

Հունիսի 18-ին, «Հրազդան» մարզադաշտում Երեւանի «Կիլիկիան» Ինտերտոտոյի գավաթի խաղարկության 1-ին փուլի շրջանակներում կհանդիպի Թբիլիսի «Դինամոյին»՝ Վրաստանի բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլային թիմին:

Ֆուտբոլի Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Կիլիկիան» անհաջող է հանդես գալիս եւ 9 խաղում ընդամենը 9 միավոր է վաստակել: Թիմում տեղի են ունեցել մի շարք մարզչական փոփոխություններ, որից հետո ի վերջո գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է անցած տարի «Բանանցում» աշխատող Աշոտ Բարսեղյանը: «Դինամոյի» հետ հաջող հանդես գալու համար «Կիլիկիայում» են ընդգրկվել «Փյունիկի» ֆուտբոլիստներ Վալերի Ալեքսանյանը, Ռաֆայել Նազարյանը եւ Արթուր Ոսկանյանը: Այս 3 ֆուտբոլիստներն էլ ազգային հավաքականի անդամներ են եւ զգալիորեն ուժեղացնեն «Կիլիկիայի» խաղը:

Իսկ ինչ վերաբերվում է Թբիլիսիի «Դինամոյին», ապա նշենք, որ վրացական ակումբը այնքան էլ սարսափելի չէ, որքան թվում է: «Դինամոյում» ընդգրկված են հիմնականում 20-23 տարեկան երիտասարդ ֆուտբոլիստներ: Վերջին պահին «Կիլիկիայի» մրցակիցը իր կազմում ընդգրկել է 2 բրազիլացի լեգիոներներ: Վրաստանի ավարտված առաջնությունում «Դինամոն» զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը եւ ձախողվել գավաթի խաղարկությունում, ուստի իրավունք է ստացել մասնակցելու միայն Ինտերտոտոյի գավաթի խաղարկությանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո սա հայ-վրացական 4-րդ ակումբային դիմակայությունն է: Նախորդ 3-ից 2-ում հաջողության են հասել հայկական ակումբները եւ հույս ունենանք, որ այս անգամ էլ «Կիլիկիային» կհաջողվի առավելության հասնել սկզբունքային խաղերում:

Այս թիմերի պատասխան մրցավեճը կկայանա հունիսի 25-ին՝ Թբիլիսիում: