Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իմ գրքով կարող եք ձեռք բերել իմ հոգու մասունքը» (տեսանյութ)

Հասարակություն
grox

Այսօր Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ երիտասարդ գրող Դիանա Մարտիրոսյանի գրքի շնորհանդեսը: «Երկինքը բիբերում». այսպես է կոչվում մասնագիտությամբ երաժշտական դերասան աղջկա բանաստեղծությունների առաջին ժողովածուն: 22-ամյա Դիանայի խոսքով՝ ինքը ստեղծագործում է  յոթ տարեկանից, սակայն առավել հասուն բանաստեղծություններ սկսել է գրել միայն 10 տարի անց՝ 17 տարեկանից հետո: «Միայն այս տարի համարձակություն ունեցա տպագրել ոչ թե թերթերում, այլ հենց ամբողջական գրքի տեսքով՝ իմ կողմից շատ սիրված բանաստեղծ Հակոբ Սրապյանի խորհրդով»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա: Դիանա Մարտիրոսյանը հավելեց, որ այս գրքով մարդիկ կկարողանան բացահայտել իր ներաշխարհը. «Գիրքը բաղկացած է չորս գլխից, որոնք միասին կոչվում են «Երկինքը բիբերում»: Գլոբալ սիմվոլիստական բանաստեղծություններ են, որոնց ամեն մեկը կարող է յուրովի հիմնավորում տալ, բայց ես իմ ներաշխարհն եմ դրել ամեն բանաստեղծության մեջ, եւ այն մարդիկ, որոնք ձեռք կբերեն գիրքը, կարող են ձեռք բերել իմ հոգու մասունքը, ես այդպես կարող եմ ասել: Ես փնտրող մարդ եմ, իսկ արվեստում փնտրելն ամենահետաքրքիրն է: Այնտեղ շատ գույներ կան, եւ կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի այդ ճանապարհը»: