Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՐՏՈՆԱԳՐՎԵՑԻՆ 7 ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐ

Սպորտ

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցավ ակումբներին արտոնագրման արարողությունը, որի ժամանակ արտոնագրեր ստացան բարձրագույն խմբում հանդես եկող «Փյունիկը», «Միկան», «Բանանցը», «Կիլիկիան», «Արարատը», «Գանձասարը» եւ «Շիրակը»:

Իսկ ահա «Ուլիսը» ստեղծվել է միայն այս տարի, ուստի այս ակումբի արտոնագրման գործընթացը դեռ չի ավարտվել: Արտոնագրերը ակումբներին հանձնեց ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը, որը իր խոսքում կարեւորեց ակումբների արտոնագրումը եւ հիշեցրեց, որ 2008-09թթ. մրցաշրջանից ՈւԵՖԱ-ն առանց արտոնագրման թիմերին թույլ չի տալու հանդես գալ որեւէ մրցաշարում:

Ընթացիկ մրցաշրջանում արտոնագրումը հատկապես կարեւոր էր «Փյունիկի», «Միկայի», «Բանանցի» եւ «Կիլիկիայի» համար, որոնք շուտով հանդես են գալու եվրագավաթների խաղարկություններում: Ներկայումս առանց արտոնագրման ակումբները իրավունք չունեն մասնակցելու միջազգային մրցաշարերի, իսկ հետագայում կզրկվեն նաեւ ազգային առաջնություններում հանդես գալուց:

Ի դեպ, ուսումնասիրելով արտոնագրման չափանիշները, որոնց աստիճանաբար խստացվում են, պետք է նշել, որ Հայաստանում շատ քիչ ակումբներ կարող են դրանք բավարարել, եւ եթե այժմ ՀՖՖ-ն ընդառաջելով ակումբներին նրանց արտոնագրում է, ապա հետագայում դա գրեթե անհնար կլինի եւ բացառված չէ, որ 2 տարի հետո Հայաստանում մնան 4-5 թիմեր, թեեւ հիմա էլ դրանց քանակը հազիվ գերազանցում է 10-ը: