Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրության 81 տոկոսը պատրաստ է այս պահին մեկնել ռազմադաշտ

Քաղաքականություն
gell

Հայկական բանակի նկատմամբ վստահությունը այս տարի աճել է 2,7 տոկոսով:  Սա «Գելլափ Ինտերնեյշնլ» ասոցիացիայի անցկացրած հարցման արդյունքն է: Ասոցիացիան հարցումները անցկացրել է ապրիլյան քառօրյա  պատերազմից հետո՝ պարզելու համար, թե պատերազմական իրադրությունն ինչպես է ազդել հասարակության վրա: Նույն հարցումները ցույց են տվել, որ հանրության 81 տոկոսը պատրաստ է այս պահին  մեկնել ռազմադաշտ: «Ռազմական գործողությունների վերաբերյալ հասարակության գերակշիռ մասը` 85.1  տեղեկատվություն է ստացել հեռուստատեսությունից, 44 տոկոսը՝ Facebook-ից, 43.8 տոկոսը՝ շրջապատից, 19.7 տոկոսը՝ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի Facebook-յան էջից և 15.1 տոկոսը` լրատվական կայքերից»,-նշեց «Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի՝ Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Հարցման արդյունքում պարզ է դարձել, որ հանրության  86.4 տոկոսը կարծում է՝ ապրիլյան ռազմական գործողությունների կրկնությունը հնարավոր կլինի բացառել նոր զինտեխնիկայի ձեռքբերմամբ: 38.1 տոկոսը  պատասխանել է, որ կրկնությունը հնարավոր կլինի բացառել բանակում կոռուպցիայի վերացմամբ, 29 տոկոսը՝ բարձրացնելով զինծառայողների պատրաստվածությունը, 20.5 տոկոսը՝ ավելացնելով պայմանագրայինների թիվը: «Սա օգտակար տեղեկատվություն է, որպեսզի և՛ բանակը, և՛ այլ գերատեսչություններ գտնեն իրենց աշխատանքում եղած խնդիրները և փորձեն շտկել դրանք»,- նշեց պարոն Նավասարդյանը: ՊՆ մամուլի  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ նախարարությունը չի մասնակցել հետազոտության անցկացմանը. «Միայն երեկ եմ իմացել»,- նշեց նա: Արման Նավասարդյանն էլ հավելեց, որ հարցումներն իրականացվել են իրենց ուժերով եւ պատվիրատու չի եղել: Հարցումն անցկացվել է ապրիլյան պատերազմից հետո՝ մայիսի 13-24-ը, ՀՀ տարածքում, 18-ից բարձր 1106 քաղաքացիների շրջանում: