Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա. Ասատրյանը Ժնևում ներկայացրել է ՀՀ զբաղվածության հարցեր

Պաշտոնական
socialakan-nkar

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը 2016թ. հունիսի 6-8-ը  Ժնևում մասնակցել է  Աշխատանքի միջազգային համաժողովին: Համաժողովում իր ելույթի ընթացքում նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրել է Հայաստանում զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները, սոցիալական ծառայությունների որակի և հասանելիության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ է միջազգային չափանիշներին համահունչ բարեփոխումներ իրականացնելուն՝ սոցիալական պաշտպանություն և հավասարություն, կայուն զբաղվածություն և բոլորի համար արժանապատիվ աշխատանք ապահովելու նպատակով: Վերջին տարիներին բազմակողմանի բարեփոխումներ են իրականացվել աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտներում: Հայաստանի 2014-2025թթ. զարգացման ռազմավարությունը երկրի հեռանկարային զարգացման համար  որպես առաջնահերթություն սահմանում է զբաղվածության աճը, աղքատության վերացումը, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործումը: ԱՄԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում 2015 թ. Աշխատանքային օրենսգրքում էական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք միտում ունեն աշխատանքի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել ԱՄԿ կոնվենցիաներին և այլ միջազգային չափանիշներին: Կցանկանայի նաև ընդգծել ԱՄԿ-ի և եռակողմ գործընկերների դերը ՄԱԿ-ի Կայուն Զարգացման 2030թ. օրակարգի արդյունավետ իրականացման հարցում՝ մասնավորապես ուղղված ներառական տնտեսական աճի խթանմանը, կայուն զբաղվածության և արժանապատիվ աշխատանքի ապահովմանը»,-իր ելույթում մասնավորապես  նշել է նախարարը: Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպել է ԱՄԿ Գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերին, ԱՄԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Հայնց Կոլերին և  ԱՄԿ Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Դ. Դիմիտրովային: Հանդիպումների ընթացքում քննարկվել է  եռակողմ գործընկերների հետ համատեղ մշակվող «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի ԱՄԿ-ի դիտարկմանը: Նախարարը նշել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի   նախարարությունը և սոցիալական գործընկերները սերտորեն համագործակցում են G20-ի ծրագրի և ԱՄԿ Երիտասարդների զբաղվածության ոլորտում գործընկերության ծրագրի շրջանակներում: Նաև բարձր է գնահատել Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի հետ սերտ համագործակցությունը: ԱՄԿ գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերն իր հերթին  ԱՄԿ անունից  ողջունել է  ՀՀ կառավարության ջանքերը, ոլորտում իրականացվող բարեփոխումները և արձանագրված առաջընթացը: ԱՄԿ գլխավոր տնօրենը կարևորել է  մեր երկրում սոցիալական գործընկերության բարձր մակարդակը և սերտ համագործակցության և աջակցության պատրաստակամություն հայտնել: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄԿ-ի աջակցությամբ  Հայաստանում սկսել «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագիր, որը  քառամյա ծրագիր է և կաջակցի  աշխատանքի, զբաղվածության, աշխատավարձի և սոցիալական գործընկերության բարեփոխումներին: Ծրագիրը ստորագրելու և տեղում ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով նախարարը Արտեմ Ասատրյանը   ԱՄԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Հայնց Կոլերին հրավիրել է Հայաստան: Հայաստանը համաժողովին ներկայացել է եռակողմ՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության և ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին