Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոնստանտին Օրբելյանը՝ իր պաշտոնավարման մասին (տեսանյութ)

Մշակույթ
Diana-nkar-Konstantin-Orbelyan

Հունիսի 7-ից 12-ը Երևանում կանցկացվի  Արամ Խաչատրյանի անվան 12-րդ միջազգային մրցույթը: Այս տարի առաջին անգամ մրցույթն անցկացվում է դիրիժորություն մասնագիտությամբ: Մրցույթին մասնակցելու համար 29 երկրներից  դիմած 57 երիտասարդ դիրիժորներից ընտրվել է 12 մասնակից, որոնք ներկայացնելու են 11 երկիր՝ Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա, Լիբանան, Շվեդիա, Սինգապուր, Լեհաստան, Խորվաթիա: Հայաստանը ներկայացնող մասնակիցը հրաժարվել է մասնակցել մրցույթին, իսկ  Ռուսաստանի մասնակիցն ազգությամբ հայ է: Մրցույթի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա այսօր՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը: «Մրցույթը յուրաքանչյուր տարի ոչ միայն իր աշխարհագրությունն է ընդլայնել, այլ նաև իր կատարողական վարպետության չափանիշներն է բարձրացրել, ժյուրիի ներկայացուցչական կազմն է ավելացրել և , որ ամենակարևորն է՝ յուրաքանչյուր տարի անդրադարձել է մի նորամուծության, մասնավորապես նոր մրցակարգեր սահմանելուն: Այս տարվա մրցույթը շատ յուրահատուկ է, քանի որ միջազգային ասպարեզում դիրիժորության մրցակարգային մրցույթներ շատ քիչ են լինում և սրանով է պայմանավորված, որ այս տարի այդքան շատ մասնակիցներ են լինելու: Միայն այն փաստը, որ այս մրցույթը դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆերդերացիայի անդամ, դա արդեն իսկ խոսում է այս մրցույթի բարձր վարկանիշ ունենալու մասին»,- նշեց մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ հավելելով նաև, որ այս մրցույթը սպասված էր ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև միջազգային ասպարեզում: Մրցույթի ժյուրիի անդամ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր պաշտոնավարմանն ու առաջիկա անելիքներին: «Հիմա ուղղակի մի այնպիսի իրավիճակ է, որ  ներս եմ մտել ու տեսել եմ 600 մարդ, մի փոքր հետ  եմ գնացել, որպեսզի կողքից նայեմ, թե ինչպես է այդ ամենը կողքից երևում և ինչեր պետք է դեռ արվի»,-հումորով ասաց նա: Լրագրողների հարցին, թե ինչպես եղավ, որ համաձայնեց այդ պաշտոնին՝ Կոնստանտին Օրբելյանը պատասխանեց. «Շատ հեշտ, ուղղակի ասացի՝ այո»,-կատակեց նա ու հավելեց. «Ես այստեղ այդքան էլ հաճախակի չեմ եղել, բայց հիմա հաճախ կայցելեմ, այսօրվա դրությամբ՝ այդպես կարող եմ ասել,  մնացածը՝ ապագայում կերևա: Անձամբ ինձ շատ հետաքրքրիր է այստեղ,  այնպես  որ կտեսնենք՝ մնացածն ինչպես կստացվի»,-եզրափակեց Կոնստանտին Օրբելյանը: Նշենք նաև, որ մրցույթի 1-ին մրցանակ սահմանվել է 10.000  ԱՄՆ դոլարին համարժեք դրամ  և 2 համերգ Հայաստանում: