Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր երգերն ինձ համար աղոթքի նման են» (տեսանյութ)

Մշակույթ
DSC03237

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ուկրաինական Okean Elzy ռոք խմբի համերգը: Համերգը, թեեւ սկսվեց մեկ ժամ ուշացումով, սակայն տեւեց մինչեւ կեսգիշերին մոտ՝ ժամը 23:00-ն: Այս ընթացքում ռոք խումբը հայ հանդիսատեսի բացականչություններից հետո, ստիպված եղավ մի քանի անգամ վերադառնալ բեմ ու կրկին երգել: Համերգային ծրագիրը հիմնականում կազմված էր խմբի նոր երգերից, թեեւ վերջում, երբ հանդիսատեսի համառ պահանջների ներքո երաժիշտները կրկին բեմ էին բարձրանում, երգեցին նաեւ արդեն սիրված, հին երգերից: Մարզահամերգային համալիր մուտքը խստացված էր: Խիստ վերահսկողություն էր նաեւ դահլիճի մուտքերի մոտ: Համերգը տեղի ունեցավ մեծ համերգասրահում: DSC03222 DSC03223 Հանդիսատեսը խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկին նվիրեց ՀՀ եւ Ուկրաինայի դրոշները, որոնք մենակատարը համբուրեց, դրեց սրտին: Նա նաեւ մի հուզիչ պատմություն պատմեց հայ ընտանիքի մասին, որն ապրում է Փարիզում: Ընտանիքի  փոքրիկ աղջնակը ծանր հիվանդ է, բժիշկները նրա կյանքի համար որեւէ երաշխիք չեն տվել, եւ փոքրիկ աղջկա համար միակ մխիթարությունը Okean Elzy խմբի երգերն են: «Մեր համերգների ժամանակ Ֆրանսիայում մենք չկարողացանք հանդիպել փոքրիկին, սակայն նրա մայրն այսօր եկել է Հայաստան: Մենք հեռախոսով շփվեցինք նաեւ աղջկա հետ, նա միայն հայերեն ու ֆրանսերեն է խոսում»,- բեմից պատմեց Սվյատոսլավ Վակարչուկը: DSC03233 DSC03237 Նա ցույց տվեց խոսափողին կապած շարֆը, որը ամբողջ համերգի ժամանակ կապված մնաց խոսափողին: Պարզվեց՝ այն նվիրել էր այդ աղջնակը: «Շարֆի վրա անգլերենով գրված է՝ ձեր երգերն ինձ համար աղոթքի նման են: Ես նրան ասացի, որ ամեն ինչ լավ է լինելու, նա ապաքինվելու է: Եկեք, հիմա մեր մեջ եղած ամենալավն ուղղենք նրան»,- ասաց նա՝ իրենց հուզիչ երգերից մեկը նվիրելով փոքրիկ աղջկան: Իսկ մի խումբ պատանիներ մատիտով նկարել էին Okean Elzy խմբի երաժիշտներին ու ամեն կերպ փորձում էին այն փոխանցել նրանց: Դա նկատեց համերգասրահի անվտանգության աշխատակիցներից մեկն ու սեփական նախաձեռնությամբ վերցրեց նկարը պատանիներից, սպասեց մինչեւ երգն ավարտվի ու այն հանձնեց երաժիշտներին: Նկարը դուր եկավ Սվյատոսլավ Վակարչուկին. «Շատ շնորհակալ եմ, շատ նման ենք»: DSC03242 DSC03243 Բացի այդ, խմբի մենակատարը, ոգեշնչելու համար հանդիսատեսին, վերցրեց նրանցից մեկի բջջային հեռախոսն ու մինչեւ տվյալ երգի ավարտը ինքնանկար արեց, տեսանկարահանեց ինքն իրեն, ապա՝ հեռախոսը փոխանցեց հասցեատիրոջը: Ավելի ուշ պարզվեց՝ հեռախոսը երգչուհի Սոնա Ռուբենյանինն էր: Բեմի վրա խմբի մենակատար Սվյատոսլավ Վակարչուկն աչքի ընկավ իր ինքնատիպ, անկաշկանդ պահվածքով՝ նա մեկ իջնում էր բեմից, անմիջական շփում ունենում հանդիսատեսի հետ, մեկ՝ բարձրանում բարձրախոսների վրա՝ առանց վերնաշապիկի: Համերգից հետո Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից մարդկանց հոսքը մոտ մեկ ժամ չէր դադարում: