Լեռնային պար քանդակի համար տեղ են փնտրում
Շուրջ 30 տարի Դվին հյուրանոցի շրջակայքում գտնվող Լեռնային պար քանդակն ամբողջությամբ վերականգնվել է, իսկ հիմա մտածում են որտեղ այն տեղադրել: «Երկու, երեք տեղ առաջարկել եմ տեղադրել: Տեսնենք որտեղ հարմար կլինի: Մեկը Գլխավոր պողոտա, մյուսը Շահումյան հրապարակից դեպի Մյասնիկյանի արձանը ընկած հատվածը: Երկուսն էլ նախագծման փուլում են, տեսնենք որտեղ կլինի»,- «Ա1+»-ին ասաց քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Նա երեք տարի ահազանգում էր քանդակի ոչնչացման մասին: Այնուհետ Դվին հյուրանոցի դիմացից այն տեղափոխվեց եւ քանդակագործի ջանքերով վերականգնվեց: Քանդակի վրա Տիգրան Արզումանյանն աշխատել էր 11 տարի: Նա շատ կցանկանար, որ քանդակը իր նախկին տեղում լիներ: «Բայց Դվին հյուրանոցը ինձ թվում է մեծ ծրագրեր է իրականացնում: Ոնց պահենք եւ 2019 թ-ին նոր տանենք, տեղադրենք»,- ասաց նա: Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ որոշվում է քանդակի տեղադրման վայրը: