Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գնահատել ցանկացած ճակատամարտ, եւ սխալները չկրկնել հաջորդ անգամ»

Քաղաքականություն
avarayr-nkar

16 դար հետո պատմագրության մեջ առաջ է եկել հարց՝  արդյո՞ք 5-րդ դարում հայերի ու պարսիկների միջև իրոք տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը։ Պատմաբան Արման Եղիազարյանը նշում է. «Մենք ունենք փաստագրված աղբյուրային տեղեկություններ այն մասին, որ եղել է Վարդանանց պատերազմ, եղել է Ավարայրի վճռորոշ ճակատամարտ և եղել է որոշակի ելք»։ Ըստ պատմաբանի՝ պատմական տարբեր իրողություններ, այդ թվում նաև Վարդանանց պատերազմը ժխտողները պատմագրության մեջ միայն խառնաշփոթ են առաջացնում։ «Պատմական ճշմարտությունն այն է, որ  5-րդ դարի կեսերին մենք գտնվում էինք ճակատագրական ընտրության շեմին և Վարդանանց պատերազմը եկավ այդ ընտրության պատասխանը տալու։ Մեր ընտրությունն էր՝ պայքարել հանուն թագավորության վերականգնման, որը, ցավոք, չհաջողվեց, բայց տվեց իր պտուղները»։ «Քաջերը քաջերի դեմ դուրս գալով՝ երկու կողմն էլ պարտություն կրեցին», ճակատամարտի մասին պատմիչ Եղիշեի այս ձևակերպումը պատճառ է դարձել Ավարայրի ճակատամարտը բարոյական հաղթանակ  համարել։ «Բարոյական հաղթանակի էությունը նրանում է, որ թեև մերոնք չհաղթեցին, բայց ժողովրդին ոտքի կանգնեցրեցին  և պարսից արքունիքին ստիպեցին հայերի հետ հաշվի նստել։ Այստեղ առավել մեծ երևույթ է տեղի ունեցել՝ պետականությունը կորցրած ժողովուրդը պատերազմի դաշտում կռվելով ու տալով զոհեր թշնամուն պարտադրել է պատերազմ, որից թշնամին դուրս է եկել պարտված»։ Պատմաբանը խորհուրդ է տալիս չթերագնահատել բարոյական հաղթանակի արժեքը, սակայն մեկ դեպքում։ «Եթե կա ոգու թռիչք, եթե կա ոտքի կանգնելու պրոցես, պարտությունները նույնիսկ խանգարիչ չեն, դրանք հանգրվաններ են։ Բարոյական հաղթանակի էությունն է ազգը որոշակի վիճակի բերելը, մարտական դրության բերելը»։ Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն Ավարայրի ճակատամարտը համարում է արտաքին կողմնորոշումների պատերազմ։ Այդպիսի խնդրի առաջ հայերը կանգնած են եղել ողջ պատմության ընթացքում։ Մեզ համար ճակատագրական էր Բյուզանդական կայսրության հայաթափման քաղաքականությունը։ «Ռուսաստանը ճակատագրի բերումով գնում է Բյուզանդիայի ճանապարհով և ահա ինչու Ռուսաստանի ճակատագիրը լինելու է այնպիսին ինչպիսին Բյուզանդիային, մենք շուտով կտեսնենք ռուսական Կոստանդնուպոլիսի անկումը»։ Անկախ  տարբեր գնահատականներին՝  պատմաբանները նշում են՝ պետք է ճիշտ գնահատել ցանկացած ճակատամարտ, եւ  սխալները չկրկնել հաջորդ անգամ։