Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13-ամյա աղջիկը՝ լողի Հայաստանի մեծահասակների չեմպիոն (տեսանյութ)

Հասարակություն
nane

Ոսկե մեդալ՝  Հայաստանի մեծահասակների առաջնությունում՝ 400 մետր համալիր լողաոճում։ Այս արդյունքը գրանցել է Նանե Վարդանյանը, որ առաջնությանը մասնակցել է բացառության կարգով՝ նա դեռ 13 տարեկան է: 4 տարի առաջ Նանեն լողավազան է եկել  պարզապես լողալ սովորելու համար,  բայց մարզիչը հենց առաջին պարապմունքից հորդորել  է  չհրաժարվել լողից։ Նանեն  սովորում է  177  դպրոցի 7-րդ դասարանում։ Գերազանցիկ է. այլ կերպ չէր կարող լինել՝ անկեղծանում է նա. «Եթե դասերս չեմ հասցնում՝ ծնողներս չեն թողնում պարապմունքների գամ, դրա համար փորձում եմ զուգահեռ հասցնել»: Աղջիկը աշխատում է ոչ մի մարզում բաց չթողնել ու հասնել ավելի մեծ բարձունքների:  Օլիմպիական հարթակին կանգնելու ցանկությունը մեծ է. «Մի 3-րդ տեղ օլիմպիականի, որ լիներ՝ հրաշալի կլիներ»: Այս բարձունքների մասին խոսել՝ խիստ ու պահանջկոտ մարզիչը դեռ վաղ է համարում: Նանեն ե՛ւ աշխատասեր է, ե՛ւ տեխնիկա ունի, բայց դա միայն բավարար չէ. «Պետք է պայմանները դրա  համար լավ լինեն, պետք է սնունդը ճիշտ լինի: Լողավազանը շատ թանկ հաճույք է»,- ասում է Նանեի մարզիչ Արամ  Խառատյանը: Մարզիչը ցավում է, որ  մարզաձեւին Հայաստանում պատշաճ ուշադրություն չեն դարձնում. «Երեւի պետությունը պետք է գումար տրամադրի, որ գոնե այս արտակարգ լողացողներին առանձնացնենք՝ անվճար պարապեն: Լողավազան պետք է լինի, որ ստանդարտներին համապատասխանի, բայց չունենք այդ պայմանները»: Անկախ ամեն ինչից՝  Նանեն շարունակելու է քրտնաջան պարապել, իր նպատակին հասնելու համար: Չնայած որ արդեն որոշել է՝  բարձրագույն կրթությունը  ֆիզիկամաթեմատիկական  ուղղվածությամբ է լինելու, բայց  լողից  էլ երբեք չի հրաժարվելու: Դիտեք նաև տեսանյութը