Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանկավարժականի սիմպոզիումին մասնակցում են գեղանկարիչներ 6 երկրից

Հասարակություն
5

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Պլեներ ՀԱՅԱՍՏԱՆ-2016» խորագրով գեղանկարչության միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպել է Կերպարվեստի ամբիոնը: Մայիսի 1-10-ն անցկացվող սիմպոզիումին մասնակցում են 6 երկրից՝ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, Իրանից  հրավիրված 16 ճանաչված գեղանկարիչներ, որոնք ձեռնարկի շրջանակներում կմասնակցեն զրույցների, բանավեճերի, կքննարկեն տարաբնույթ խնդիրներ, կիրականացնեն փորձի փոխանակում`վարպետաց դասեր: Ողջունելով հյուրերին՝ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հույս հայտնեց, որ միջազգային սիմպոզիումը կդառնա ավանդական և կանցկացվի յուրաքանչյուր տարի:  Հյուրերին ողջունեց ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, հայտնի գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը՝ վստահեցնելով, որ միջազգային պլեների կազմակերպումը աննախադեպ, կարևոր ձեռնարկ է բուհական համակարգում: Պրոֆեսորի կարծիքով՝ ոլորտի լավագույն նկարիչների մասնակցությունը կնպաստի, որ Մանկավարժականի ուսանողները ուսումնասիրեն նրանց գեղանկարչական վարպետության գաղտնիքները, լսեն մասնագիտական խորհուրդներ, ծանոթանան և ծանոթացնեն իրենց ազգային մշակույթին: «Մեր երկրի համար դժվարին ժամանակներում անգամ հայ ժողովուրդը պատրաստ է հյուրընկալել և հիացնել իր մշակույթով»,-նշեց Փարավոն Միրզոյանն ու հավելեց, որ այս տասը օրերին արված նկարները ցուցադրվելու են նախ Հայաստանի ազգային պատկերասրահում, ապա իրենց տեղը կգտնեն Մանկավարժականի թանգարանում: Բազմաթիվ պլեներների մասնակցած գեղանկարիչները վստահեցրին՝ նման ձեռնարկները մեծապես նպաստում են երկրի հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու, Հայաստանը ճանաչելի դարձնելու տեսանկյունից: Գեղանկարչության միջազգային սիմպոզիումի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀՊՄՀ-ի ռեկտորին հյուրընկալության համար և բուհին հանձնեցին խորհրդանշական նվերներ: Ի դեպ, Անգլիայից ժամանած նկարիչ Օլգա Շիենկոյի նվերն ամենաուրախալին էր հատկապես ուսանողների համար. նրա հրավերով Գեղարվեստական կրթության ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից մեկը հնարավորություն կունենա 10 օրով լինել Անգլիայում, այցելել ցուցադրությունների: 10-օրյա սիմպոզիումը նպատակ ունի հրավիրյալներին ծանոթացնել Մանկավարժական համալսարանի կրթական համակարգին, բուհի կառուցվածքին ու գործունեությանը, ինչպես նաև խորացնել և զարգացնել տարբեր երկրների հետ կրթական ու մշակութային կապերը: Ձեռնարկի շրջանակներում կկազմակերպվեն նաև այցելություններ Հայաստանի պատմական և մշակութային տեսարժան վայրեր՝ ծանոթանալու Հայաստան աշխարհին և ավելի մոտիկից զգալու հայ գեղանկարչի ներշնչանքի աղբյուրը: Այցերի ընթացքում նկարիչները կնկարեն համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների՝ ապագա նկարիչ-մանկավարժների հետ, կծանոթանան նրանց ուսումնական գործընթացին, արվեստանոցների պատրաստվածությանը, ներգրավվածությանը կրթական նոր համակարգին: Սիմպոզիումը կավարտվի Հայաստանի ազգային պատկերասրահում ամփոփիչ ցուցահանդեսով. յուրաքանչյուր հեղինակի մեկական լավագույն աշխատանք կնվիրաբերվի Մանկավարժական համալսարանին: