Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միակ թեկնածու Հակոբ Ղազանչյանը վերընտրվեց ՀԹԳՄ նախագահ

Հասարակություն
ղազ

Թատերական գործիչների միությունն այսօր գումարեց իր հերթական՝ 16-րդ համաժողովը եւ Հակոբ Ղազանչյանին 4 տարի ժամկետով վերընտրեց միության նախագահ: Միության նախագահի այլ թեկնածուներ չկային: Գործող նախագահը վերընտրվեց միաձայն: 9 տարի այս պաշտոնը զբաղեցնող  Հակոբ Ղազանչյանն այսօր հայտարարեց՝ ամեն ինչ անելու է, որ Թատերական միությունը նոր աշխատելաոճ ու նոր ծրագրեր ունենա. «Ինձ հաճախ հարցնում են, չեմ ուզո՞ւմ գնալ այս պաշտոնից: Ես պատասխանում եմ՝ երբ ես գոհ լինեմ իմ աշխատանքից, կնշանակի, որ գնալու ժամանակն է»: Իսկ մինչ ընտրությունը, Հակոբ Ղազանչյանը ներկայացրեց նախորդ երկու տարիների աշխատանքների հաշվետվությունը: Նա կարեւորեց  մարզային թատրոններին ուշադրություն դարձնելը եւ ուրախությամբ նշեց, որ Գավառի թատրոնի համար նոր շենք է կառուցվում. «Մենք շարունակում ենք լուրջ ուշադրություն դարձնել մարզային թատրոններին, գուցե դեռևս լուրջ տեղաշարժեր չեն լինում, բայց ճիշտ ուղղությամբ են ընթանում աշխատանքները: Իհարկե, կան մարզային թատրոններ, որոնք անտեսված են և խնդիր պետք է դնել, որ նրանք մեկնեն և ներկայացումներ ցուցադրեն այն վայրերում, որտեղ թատրոն չկա»: Պարոն Ղազանչյանն անդրադարձավ նաեւ Երեւանի թատրոնների շենքային պայմաններին. «Այսօր կա երկու թատրոն, որոնք չունեն շենք՝ համազգային թատրոնն ու Մնջախաղի պետական թատրոնը: Վերջինս պետական կառույց է, այսքան շենք է ազատվում, նախարարությունների համար նոր շենք են կառուցում, դժվա՞ր է մի շենք հատկացնել այս թատրոնին»: Ի դեպ, մինչեւ համաժողովի սկսվելը, Հակոբ Ղազանչյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ կարծում է, թե իր գործընկերները ուզում են, որ ինքը մնա այս պաշտոնում: Նրա կարծիքով՝ գոհ են իր աշխատանքից: