Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մամուլում հեղինակային իրավունքները խախտում են «նորեկները» (տեսանյութ)

Հասարակություն
iravunq

Ապրիլի 23-ը գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրն է: «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ նախագահ Սուրեն Դեհերյանի խոսքով՝ հայկական մամուլում հեղինակային իրավունքները հիմնականում պահպանվում են «հնաբնակների» կողմից, սակայն նորեկ լրատվամիջոցների հետ այս հարցում դեռ շատ աշխատանքներ պետք է տարվեն. «Անընդհատ ստեղծվում են, այսպես ասած, փորձնական կամ որոշակի ֆինանսական ռեսուրսներով լրատվական հարթակներ, եւ մենք նորից փորձում ենք հաղթահարել այն մարտահրավերները, որոնք, կարծես թե, հաղթահարել էինք արդեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Դեհերյանը նշեց, որ մոտ երեք տարի առաջ հենց լրատվամիջոցների ջանքերով հեղինակային եւ հարակից իրավունքների մասին օրենքում փոփոխություններ եղան, որոնք դրական արդյունք տվեցին: Հանդիպմանը ներկա՝ արդարադատության նախարարության մտավոր սեփականության գործակալության հեղինակային եւ հարակից իրավունքների բաժնի պետ Քրիստինե Համբարյանն էլ նշեց, որ գործող օրենքը հեղինակային իրավունքի օբյեկտ չի համարում տեղեկատվությունը, որը վերաբերում է օրվա նորություններին. «Բայց եթե կա ստեղծագործական աշխատանք, որը ստեղծվել է լրագրողի կողմից, ապա դա պահպանվում է հեղինակային իրավունքով: Լրագրողը կամ լրատվամիջոցն էլ, իր հերթին, պետք է անպայման նշի, օգտագործողին ծանուցի, թե տվյալ նյութի հեղինակն ով է, որպեսզի նա իմանա, թե ում պետք է հղում անի»,-ասաց մասնագետը: Համբարյանի խոսքով՝ մամուլում հեղինակային իրավունքի պաշտպանության հարցում բավականին ակտիվ են լրատվամիջոցները, ուստի նա խորհուրդ տվեց գրագողության դեպքում դիմել դատարան, որպեսզի նախադեպ ստեղծվի: