Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել» (տեսանյութ)

Քաղաքականություն
axvan

Ապրիլի սկզբին Ադրբեջանի վերջին լայնածավալ հարձակումը ԼՂ հակամարտության կարգավորման մեջ փոխզիջումների խնդիրը կրկին բերել է օրակարգ ու քննարկումների դաշտ: «Ա1+»-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նաեւ ավելացրեց՝ խոսել որեւէ զիջման կամ փոխզիջման մասին անտեղի է, քանի դեռ մենք չունենք ամբողջական պատկերը, թե խոսքն ինչի մասին է. «Այս ընթացքում մենք ունեցել ենք Մադրիդյան սկզբունքները, որոնց մենք կողմնակից չենք, սակայն սա ՀՀ-ն ընդունել է որպես հնարավոր հիմք՝ հետագա բանակցությունների համար: Ադրբեջանը մերժել է դրանք Կազանում եւ արել 10 անընդունելի առաջարկություն: Արդյունքում որեւէ փաստաթուղթ, որեւէ նախագիծ, որեւէ հերթականություն գոնե այսօր հանրության առջեւ դրված չէ»: Ըստ նրա՝ եթե տարբեր երկրներ կամ միջազգային կառույցներ ուզում են խնդրի կարգավորման առումով առաջ ընթանալ, առաջինը, որ պետք է անել, կողմերի միջեւ պետք է ստորագրվի համաձայնագիր՝ ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի կիրառման բացառող. «Քանի դեռ սա չկա, ամեն վայրկյան հնարավոր են նոր բախումներ, նոր հարձակումներ, նոր զոհեր, ու սա միշտ հեռացնելու է կարգավորումը: Ինչպես նաեւ՝ ամբողջ հակամարտության գոտու երկայնքով պետք է այնպիսի ժամանակակից մեխանիզմների տեղադրում, որոնք ակնհայտ կդարձնեն, թե որ կողմն է խախտում համաձայնագիրը: Ես կարծում եմ՝ միայն սրանից հետո իմաստ կունենա խոսել բանակցային գործընթացը շարունակելու, նոր մեխանիզմներ ներդնելու կամ նոր սցենարներ նախագծելու մասին: Այսօր, եթե որեւէ մեկը օդի մեջ խոսում է փոխզիջումների մասին, դա աբսուրդ է, եթե այս ամենը կոնկրետ չլինի, այդ ամենը կդառնա ընդամենը օդում հայտարարություններ»: Պարոն Վարդանյանի խոսքերով՝ այս ամենին գումարած կա նաեւ Սերժ Սարգսյանի հանձնարարականը ՀՀ ԱԳՆ-ին՝ ռազմական փոխօգնության պայմանագիր մշակել, կնքել ԼՂՀ ԱԳՆ հետ. «Այս փուլում հայկական կողմի այս անելիքներին պետք է գումարվի նաեւ մեր ներքին ռեսուրսների մոբիլիզացիան, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունը, տնտեսական քաղաքականության որակական փոփոխությունը, քանի որ սա հազարամյակներին առնչվող մեր լինելիությանն առնչվող խնդիր է»: Աղվան Վարդանյանի համոզմամբ՝  բոլոր առաջարկներն ու մոտեցումները մեկ ամբողջական փաթեթով պետք է լինեն՝ պիտի հստակ լինի՝ որ կողմն ինչ փոխզիջման է գնում, եւ սա որեւէ կերպ չպետք է առնչվի Ղարաբաղի կարգավիճակին, անկախությանը, Ղարաբաղը որպես հայկական տարածք մնալու. «Մնացած, եթե ցանկացած առանձին կետ վերցնես ու փորձես դրա վրա ինչ-որ բան կառուցել, դա փլվելու է, քանի որ չկա ամբողջական փաթեթը»: ՀՅԴ պատգամավորն ընդգծում է՝ մենք ունենք հիմնարար բաներ, որոնք անհնարին է զիջել, սակայն մնացած հարցերը հնարավոր է քննարկել միայն որոշակի փաստաթղթի առկայության պարագայում: Նա անդրադարձավ նաեւ «ոչ մի թիզ հող» եզրույթին. «Այդ մասին ժամանակին ասել է Բաբկեն Արարքցյանը: Ոչ մի թիզ հողը վերջնական կատեգորիա չէ: Մենք՝ հայերս, մի արտահայտություն ենք ասպարեզ նետում եւ սկսում ենք դրա վրա կառուցել: Կարող է խաղաղության այնպիսի երկարատեւ համաձայնագիր լինի, որ տարածաշրջանում կայունություն առաջանա եւ նորմալ ապրեն հարեւանությամբ երկրները. մի թիզ այս կողմ, մի թիզ այն կողմ՝ կարող է դերակատար չլինել, սակայն խոսքը երկարատեւ խաղաղության մասին է եւ մեր ազգային, պետական շահերը պաշտպանելու մասին»: