Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք պետք է ԵԱՏՄ-ի հնարավորություններն օգտագործենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Arcvik-Minasyan

«Ես՝ որպես էկոնոմիկայի նախարար, դիտարկում եմ ցանկացած համագործակցություն, որը կբերի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու առաջընթացին՝ առանց  որևէ վերապահման։ ԵԱՏՄ-ի շրջանակներում մենք պետք է մեր առավելագույն հնարավորությունները գործադրենք, չսպասենք, թե պետք է որևէ երկիր, այդ թվում նաև ԵԱՏՄ-ի շրջանակներում, մեզ բլիթներ է բաժանելու՝ ոչ։ Եթե մենք ուզում ենք առաջ գնալ , զարգանալ, ապա նույն ակտիվ, նախաձեռնողական, առանձին դեպքերում անգամ  ագրեսիվ տնտեսական քաղաքականություն  պետք է վարենք նաև այս միության շրջանակներում։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ ԵԱՏՄ-ից մենք ստացանք ավելին, քան թե սպասում էինք»,- լրագրողների հետ զրույցում շեշտեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն հարցին, թե քառօրյա պատերազմում Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ անդամ պետությունների  դրսևորած  դիրքորոշումից հետո, որքանո՞վ է նպատակահարմար  Հայաստանի այդուհետ անդամակցության շարունակությունն  այդ միության կազմում։ Այս համատեքստում նախարարը նաև հավելեց. «Մյուս կողմից չպետք է մոռանանք, որ ԵՄ-ի շրջանակներում, այլ երկրների հետ հարաբերություններում մենք ունենք հնարավորություններ։ Այսինքն՝ մեզ համար փակ չեն նաև այլ երկրների հետ հարաբերությունները։ Որպես էկոնոմիկա մենք այդ քաղաքականությունն ենք որդեգրում։ Վստահ եմ, որ առանձին դեպքերում սխալ թիրախի տանել երկիրը, տնտեսությունը՝ ճիշտ չէ»։ Սխալ թիրախ ասելով մասնավորապես ի՞նչը  նկատի ունեք,-հարցրեցինք  Արծվիկ Մինասյանից։ Վերջինս շեշտեց. «Երբ որ արհեստական ներկայացվում է, որ ռազմավարական դաշնակիցը զենք է  վաճառում Ադրբեջանին և հետևաբար  մենք պետք է դուրս գանք այս միությունից։ Այդ դեպքում ես  էլ կարող եմ պարզ հարց տալ՝  իսկ մենք ունե՞նք այլընտրանքային անվտանգության համակարգ՝ ՀԱՊԿ-ից բացի։ Եթե ունենք, ապա, իհարկե, պետք է ընտրությունը կատարենք։ Այլ պայմաններում մենք պետք է այս համակարգի հնարավորություններն առավելագույնս օգտագործենք»։ Պարոն Մինասյանից «Ա1+»-ը հետաքրքրվեց նաև, թե Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում ի վերջո  սպառողների համար գազի գինը նվազելո՞ւ է, թե՞ ոչ։ Մեր այս հարցին ի պատասխան  նախարարը նշեց, որ թեև դա իրենց նախարարության իրավասությունների շրջանակներում չէ, բայց որպես էկոնոմիկա իրենք ամեն ինչ անում են, որպեսզի գնի էական նվազեցում լինի։ Նրա խոսքերով՝ դա էկոնոմիկայի հիմնարար կետերից է։ «Հումքային ապրանքների գների էական նվազեցումը կբերի նաև մեր ապրանքների մրցունակության աճին, բայց իրավասու մարմինները՝ տվյալ դեպքում էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը և ՀԾԿՀ-ը հայտի առկայության դեպքում դա կքննարկեն։ Մենք մեր տեսակետը ներկայացրել ենք»,-եզրափակեց   նախարարը։ Նշենք նաև, որ վերջինս այսօր շրջայց էր կազմակերպել «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնող ոսկերչական ընկերություն, ինչպես նաև Նոր Հաճնի առաջատար ադամանդագործական ընկերություններ։  Այցի նպատակն էր այդ ոլորտների հետագա զարգացման և ոլորտին առնչվող խնդիրների քննարկումը տնտեսվարողների հետ, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված հնարավոր համագործակցության շուրջ երկխոսությունը։ Նախարարի հավաստմամբ՝  ոսկեգործության և  ադամանդագործության ոլորտներում այս տարի ակնկալվում է  շուրջ  30 % աճ։