Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործարանում ներդրում է կատարում ադրբեջանական բաժնեմաս ունեցող բանկը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
700484

«Հրազդան-ցեմենտ» ընկերությունը 510 մլն 125 հազար դրամի չափով կազատվի չվճարված հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ գործարանի բաժնետոմսերն ու սեփականության իրավունքն անցել են ՎՏԲ բանկին. «Եթե այս օրենքն ընդունվի, ՎՏԲ բանկը՝ որպես բաժնետեր, իրականացնելու է ներդրումային ծրագիր, 2016թ. ընթացքում կունենանք 200 հազար տոննա ցեմենտի արտադրություն»: Գործարանը պատկանել է գործարար Միկա Բաղդասարովին, եւ ունի 470 աշխատատեղ: 2015թ. ընթացքում արտադրել է ընդամենը 75 հազար տոննա ցեմենտ: Պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի սեփականատեր Հակոբ Հակոբյանը նկատեց, որ «Արարատցեմենտ» գործարանի վիճակը եւս բարվոք չէ. «Գուցե մենք ուսումնասիրենք, թե ՀՀ-ում որքան ցեմենտի պահանջարկ կա, երկու գործարանը շատ չի՞ դրա համար, ուրիշ բան մտածենք դրա փոխարեն»։ «Հայաստանում արտադրվող ցեմենտի քանակությունը այսօրվա դրությամբ եղած մեր շինարարական աշխատանքների մոտավորապես 90 տոկոսն է ապահովում»,- տեղեկացնում է Արծվիկ Մինասյանը: Հանձնաժողովի նախագահը նկատեց՝ իրենք կարող են գործարանին տալ հարկային շատ արտոնություններ, բացառությամբ՝ բնապահպանական տարեկան 5 մլն դրամ վճարի։ Այս առնչությամբ խոսք ունի ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը. «Դու մարդու օդը աղտոտում ես,  հետո պիտի ծառ տնկես, որ այդտեղ քիչ աղտոտվի: Դու չես կարող մարդու օդը աղտոտես ու գնաս ինչ-որ պատգամավորի, վարչապետի, նախարարի աշխատավարձ բարձրացնես»: Պատգամավոր Թեւան Պողոսյանին մեկ այլ հարց էր հետաքրքրում. «Քանի որ ապրիլի 17-ին Հրազդանում ընտրություններ են սպասվում, հուսով եմ՝ թույլ չեք տա, որ այս տեսակի խնդիրներն օգտագործվեն ներկայացվեն որպես հաջողություններ կամ PR էլեմենտ ընտրական համակարգի ժամանակ»։ Արծվիկ Մինասյանը նշում է. «Երբեք սա չի կարող դիտվել այդ ընտրություններին որպես ինչ-որ ուժի կամ անձի համար առավելություն կամ գովազդ, քանի որ սա իրականացնում է ՀՀ կառավարությունն ու սա երկարաժամկետ գործողությունների արդյունք է»: Նիստից հետո նախարարից հետաքրքրվեցինք՝ արդյոք չկա՞ մտահոգություն «Հրազդան-ցեմենտի» նոր սեփականատեր ՎՏԲ բանկի հետ կապված, որի հիմնական բաժնեմասը, ըստ լուրերի, ադրբեջանական է. «Ես չեմ կարծում, որ այդ երկու դեպքն իրար հետ պետք է կապել. գումարները տվյալ դեպքում ՀՀ-ում կատարվող ներդրումներ են»: ՎՏԲ-ն խոստացել է գործարանում ներդնել 4,6 մլն դոլար: Հարցը կքննարկվի նաեւ ԱԺ լիագումար նիստում: