Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հաղթել իշխանությանը, բայց ինչպե­­՞ս (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
glxavor-nkar

Վարչախմբի հեռացում, անցումային կառավարում և արտահերթ ընտրություններ։ Հայաստանում քաղաքական փոփոխությունների հասնելու այսպիսի ճանապարհ է առաջարկում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը։ Բայց դրա համար պետք է միավորվեն  ընդդիմադիր ուժերը։ «Դա անհրաժեշտ է ժողովրդի համախմբումն ապահովելու և ավելի լայն քաղաքական կոնսոլիդացված ձևաչափով  երկրի ապագայի համար քաղաքական պատասխանատվություն ստանձնելու նպատակով»,- ասում է շարժման անդամ Վարուժան Ավետիսյանը։ 100 օրից ավելի Ազատության հրապարակում նստացույց անցկացնող  ընդդիմադիր շարժումը պայքարի մասին սեփական պատկերացումներն ունի։ Վարուժան Ավետիսյանը նշում է.  «Պահանջներ ներկայացնել, բայց դրանց կատարմանը հասնել փողոցից հանցավոր ռեժիմին ճնշելու միջոցով, ստիպել, որ նա ընդունի այդ պահանջները, ոչ թե նրա հետ սեղան նստել, որովհետև ոճրագործի հետ սեղան չեն նստում»։ Ժողովրդի մոտ առկա է բողոքի և ընդվզման բավարար ցանկություն, ինչն էլ «Նոր Հայաստան» շարժումը իր հաղթաթուղթն է համարում։ «Դրա դրսևորումները սուր զգացվել են նախագահական ընտրությունների ժամանակ, ժողովուրդն ինքն իրեն՝ առանց քաղաքական ուժերի կողմից լուրջ աշխատանքի ինքնամոբիլիզացվել է»։ Վերջին տասնամյակում ընդդիմադիր ամենամեծ համախմբումը տեղի ունեցավ 2008 թվականին։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբվեցին տասնյակից ավելի ընդդիմադիր հոսանքներ և ուժեր։ «Ազատության հրապարակում ես տեսնում եմ, որ տարբեր գաղափարախոսություն կրող ուժեր կան, և չեմ կարծում, որ այսօր կհաջողվի Լևոն Տեր-Պետրոսյանի մակարդակի, որ նրանք միավորվեն»,- կարծում է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը։ Հաշվի առնելով անկախ Հայաստանի ընդդիմությունների նախորդ փորձերը՝ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բացառում է ընտրություններով իշխանություն փոխելը։ «1991 թվականից հետո մենք երբևիցե չունեցանք ընտրություն, որը հասարակության մոտ խնդրահարույց չլիներ, կեղծված չլիներ, և դա բերեց նրան, որ ընտրական համակարգի իսպառ վերացավ նաև ինստիտուտների միջոցով իրավիճակ փոխելու»։ Արմեն Մարտիրոսյանը հիշում է 1998-ի և 2003-ի նախագահական ընտրությունները, երբ ընդդիմադիր թեկնածուները կարողացան վերահսկողության ապահովել գրեթե բոլոր ընտրատեղամասերում, սակայն հաղթեց իշխանության թեկնածուն.  «Ես չեմ կարծում, որ այս պահին Հայաստանում այլևս կլինի որևէ քաղաքական ուժ, որ այդքան վստահված անձինք  կունենա, ինչքան իրենք ունեին։ Դա էլ չփրկեց, որովհետև երբ քո դեմ ամբողջ ընտրակեղծարար մեխանիզմն է աշխատում, դու չես կարողանում պայքարել»։ «Նոր Հայաստանը» շարժվում է նախապես սահմանած ուղիով՝ իշխանափոխության ծրագրի շուրջ ընդդիմադիրներին համախմբվելու համար բուն բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին։