Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնագետներն ահազանգում են եղանակային անակնկալների մասին (տեսանյութ)

Հասարակություն
gagik

Մարտի 17-ից մինչեւ 19-ը հանրապետության հովտային շրջաններում սպասվում է ցրտահարություն: Այսօր գիշերը հանրապետությունում ամպամածությունը զգալի կնոսրանա, իսկ դա նշանակում է, որ կգրանցվի լրացուցիչ ջերմաստիճանի անկում: Այս մասին տեղեկացնում է   «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը. «Մարտի 17-ի լույս 18-ի գիշերը անտիցիկլոն է մոտենում հանրապետությանը, կանխատեսվում է, որ այդ գիշեր օդի ջերմաստիճանի նվազումը կշարունակվի Տավուշի եւ Սյունիքի հովտային հատվածներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտում: Այդ օրերին օդում կլինի 2-ից 4 աստիճան ցուրտ: Մարտի 19-ի գիշերը այս ջերմաստիճանը կպահպանվի: Թե որքան ինտենսիվ կլինի ցրտահարությունը, կախված է  ամպամածությունից»: Բացասական ջերմաստիճան հանրապետությունում գրանցվել է նաեւ նախորդ գիշեր: Տավուշի հովիտներում գրանցվել է -1 -2 աստիճան: Հանրապետության մի շարք շրջաններում տեղացել է առատ ձյուն: Գորիսում ձյան ծածկույթն այս պահին 24 սմ է, իսկ Ջերմուկում՝ 54 սմ: Պատկերը ներկայացնելով Գագիկ Սուրենյանը զգուշացնում է՝ ջերմաստիճանը կարող է շատ ավելի ցածր լինել, եթե Արարատյան դաշտում նկատվի եղանակի լիարժեք պարզեցում: «Մարտի 20-ին հանրապետությանը կրկին մոտենում է ցիկլոն, որը կրկին սառն է: Սպասվում են տեղումներ լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ առատ ձյան տեսքով: Այն կուղեկցվի բքով, տեսանելիության անկմամբ, ճանապարհները կպատվեն մերկասառույցով: Միայն ցածրադիր շրջաններում տեղումները կլինեն անձրեւի եւ ձնախառն անձրեւի տեսքով: Դրանից հետո եղանակը կպարզվի եւ փաստորեն, կրկին, ցածր ջերմաստիճան կգրանցվի»,- նշեց Սուրենյանը: Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն էլ նշեց, որ այս կանխատեսումը անակնկալ չէր: Նրանք զգուշացրել են եւ եւս մեկ անգամ կրկնում են՝ պետք է համապատասխան միջոցառումներ իրականացնել, ծաղկած ծառերը ցրտահարումից փրկելու համար. «Առաջիկա երեք օրերին գիշերն անհրաժեշտ է ծխեցում կատարել. տասնյակ ծխակույտեր են պետք, մեկ երկուսը չեն օգնի: Լավ կլինի, որ գյուղացիները միասին աշխատեն, քանի որ միայնակ դժվար է: Ծխատուփերի կիրառումը ևս արդյունավետ կլինի:Մենք հաճախ ենք տեսնում, որ գյուղացիները կրակ են վառում նախօրոք, բայց ասեմ, որ դա անարդյունավետ է, դա չի օգնի, պետք է ծխահարում կատարել, այն էլ գիշերը, երբ ջերմաստիճանն արդեն մոտենա բացասականին»: Գառնիկ Պետրոսյանը, սակայն, հույս ունի, որ դեղձենին և այլ կորիզավորներ շատ չեն տուժի. «Ամենախոցելին ծիրանենին է, և անհանգստությունը հենց դրա հետ է կապված»: