Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սպառողի իրավունքով զբաղվող կառույց ՀՀ-ում չկա» (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-babken-pipoyan

Սկսած 1983թ-ից ամբողջ աշխարհում մարտի 15-ը տոնվում է որպես սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օր: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով թեմային՝ շեշտեց, որ Հայաստանն այդ առումով այսօր գտնվում է խայտառակ վիճակում: Այսօր Հայաստանում սպառողների իրավունքներով զբաղվող կա 6 պետական կառույց, որոնցից և ոչ մեկը, սակայն, Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ իր գործառույթը հավուր պատշաճի չի իրականացնում: Բանախոսի տեղեկացմամբ՝ իրենց ՀԿ-ն ոլորտում առկա բազում խնդիրները կարգավորելու առաջարկներով դիմել է համապատասխան գերատեսչություններին, սակայն ապարդյուն: «Դիմել ենք էկոնոմիկայի նախարարություն, պարոն Ճշմարիտյանի անունով նամակ ենք ուղարկել, սակայն ոչ պարոն Ճշմարիտյանի անունից պատասխան նամակ ստացանք, որտեղ ասվում է՝ գիտեք ինչ կա, մենք այդ խնդիրներին լուծում ենք ման գալիս: Էս 4 տարի է , որ իրենք լուծում են ման գալիս»,-հեգնանքով նկատեց Պիպոյանը: Ոլորտում առկա խնդիրներից վերջինս առաջին հերթին առանձնացրեց սպառողների տեղեկացված լինելու իրավունքը, ընտրություն կատարելու իրավունքը, կրած վնասը փոխհատուցելու իրավունքը: «Իրավունքի ոտնահարում է, երբ գնում ես մի խանութ, ուզում ես քո ուզած ըմպելիքը գնես և քեզ ասում են, որ այն չկա, բայց պարզվում է, որ գերիշխող դիրք ունեցողը չի թողել, որ այդ ապրանքը խանութը վերցնի: Երբ ՏՄՊՊՀ-ն տուգանեց Կոկա-Կոլա-ին, իրականում դա ինչ-որ չափով վերականգնեց սպառողի ընտրության իրավունքը, սակայն ՏՄՊՊՀ-ի գործունեությունը կլիներ ողջունելի մի դեպքում, եթե նույնը կիրառվեր նաև Պեպսի-ի նկատմամբ, որովհետև մի տեղ գնում ես տեսնում ես մենակ Կոլա է, իսկ մյուս տեղն էլ ՝ մենակ Պեպսի»,-շեշտեց բանախոսը: Այս համատեքստում նա արտերկրում ընդունված պրակտիկայից օրինակներ մատնանշեց. «ԱՄՆ-ում սպառողը հանրային սննդի օբյեկտին դատի էր տվել այն պատճառով, որ ուզել էր սպագետի բանջարեղենային սոուսով ու սպագետի այդտեղ չէր եղել: Դատարանում նրա իրավունքը վերականգնվել էր, որովհետև արտերկրում այդպես է , եթե չունես համապատասխան առաջարկ, ուրեմն չպետք է աշխատես: Իսկ մեր երկրում մենք չունենք բարոյական վնասի փոխհատուցման հասկացություն, ինչը կարևորագույն իրավունքներից մեկն է: Մեզ մոտ դրա մասին խոսելն ուղղակի աբսուրդ է: Երբ գնում ենք ու ինչ-որ բան ենք գնում, բերում տեսնում ես, որ մեջը միջատ է, տանում ես լավագույն դեպքում մեզ մեծ լավություն են անում այդ ապրանքը հետ են վերցնում,ինչը, բնականաբար, վնասի փոխհատուցում չեղավ»: Բաբկեն Պիպոյանը շեշտեց նաև՝ նման դեպքերում սպառողը իրավունք ունի դիմելու դատարան: