Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆիլհարմոնիկի ելույթները կսկսվեն խորհրդանշական համերգով (տեսանյութ)

Մշակույթ
Untitled-2

Սրբությամբ պահպանելով մեր նախորդների ձեռքբերումները՝ փորձել հասնել լավագույն նվագախմբերի մակարդակին։ Սա Էդուարդ Թոփչյանի երազանքն է, որն արդեն 16 տարի ղեկավարում է Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախումբը։ «Մեր նվագախմբի բյուջեն աշխարհահռչակ նվագախմբերի բյուջեի մեկ տոկոսն է կազմում»,- ասում է Թոփչյանը։ «Եթե ունենայինք գոնե երեք տոկոս, կարծում եմ՝ ավելի հավանական  կդառնար աշխարհի լավագույն նվագախումբ դառնալու մեր հավակնությունը»։ Մարտի 20-ին խորհրդանշական համերգով, նվիրված 1925-ի նույն օրը կայացած Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ելույթին, կսկսվի նվագախմբի հիմնադրման 90-ամյա հոբելյանին նվիրված համերգաշարը։ Երկու օր առաջ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում տեղի էր ունեցել հոբելյանական ցուցահանդեսի բացումը: Ֆիլհարմոնիկի հիմնադրման օրից ի վեր հրատարակված գրքեր, տպագիր նյութեր, լուսանկարներ հիմնադիր և ղեկավար դիրիժորների՝ Արշակ Ադամյանի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Սուրեն Չարեքյանի, Գևորգ Բուդաղյանի, Կոնստանտին Սարաջևի, Միքայել Մալունցյանի, Օհան Դուրյանի, Միքայել Տերյանի, Ալեքսանդր Քաթանյանի, Դավիթ Խանջյանի, Վալերի Գերգիևի, Վահագն Պապյանի, և բոլոր-բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն ունեցան նվագախմբի կյանքում: Հավաքագրումն իրականացրել է երաժշտագետ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բուդաղյանն, ում հայրը՝ դիրիժոր Գևորգ Բուդաղյանը ևս նվագախմբի երախտավորներից էր: «Մեր ֆիլհարմոնիկի դերն անգնահատելի էր և խորհրդանշական»-, ասում է երաժշտագետը։ «Հիմնադրվելով ցեղասպանությունից ընդամենը 10 տարի անց, Արշակ Ադամյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի կողմից, տարիներ շարունակ նախկին Խորհրդային միության լավագույն նվագախմբերից մեկն էր և այսօր էլ առաջատար կոլեկտիվ է։ Հոբելյանական միջոցառումների շարքում սպասվում են Ջակոմո Պուչինիի «Բոհեմ» օպերայի համերգային պրեմիերան, նաև նվագախմբի մասին վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Հոբելյանական շարքը կեզրափակվի ապրիլի 19-ին գալա համերգով։