Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մի շնչով»․ խաղում ենք հայերեն

mishnchov4.4

Ամեն նոր սկիզբ հավակնում է շարունակական դառնալ, բայց ոչ բոլոր «նորեկներին» է հաջողվում հաղթահարել «գոյատևման դպրոցը»՝ այն էլ Հայաստանում։ Դեռևս 2014 թվականին հայկական շուկայում հայտնվեց «Այլ կերպ» ինտելեկտուալ խաղը։ Դժվար էր հասկանալ դա բիզնես-նախաձեռնություն էր, թե՞...  Հեղինակները պարզապես ստեղծեցին այն, ինչի կարիքն իրենք էլ ունեին՝ հաճելի ու օգտակար ժամանց՝ հայերենով ու հայատառ։ «Այլ կերպ»-ին հաջողվեց ոչ միայն հաղթահարել այս փուլը, այլև սիրվեց, ձեռք բերեց վստահություն և ձևավորեց պահանջարկ։ Այն դարձավ ժամանցի միջոց ամենատարբեր խմբերի ներկայացուցիչների համար, իսկ սեղանի խաղերի հայտնի ակումբներում՝ ամենասպասված ու թեժ մրցաշարերի պատճառ։ Մեկ տարի անց «Խաղում ենք հայերեն» կարգախոսի ներքո թողարկվեց նոր խաղ՝ «Մի շնչով»։ Անվանումն ինքնին  արդեն նշում է, թե ինչպես է սլանում խաղի ընթացքը: Համաձայն խաղի կանոնների՝ անհրաժեշտ է 7 վայրկյանում 3 պատասխան տալ հնչող հարցին: Խաղը պահանջում է ընդհանուր զարգացածություն, Հայաստանի ու հայկականի իմացություն, հումոր, հնարամտություն, սուր միտք, արագություն.... mishnchov2.2 ‎Այս անգամ խաղի հեղինակները արտահայտվելու, երևակայելու և կատակելու լայն հնարավորություն են ընձեռում։ Հարցերը շատ բազմազան են: Բացի ավանդական գիտական բնագավառներից (ճշգրիտ գիտություններ, պատմություն, աշխարհագրություն, մշակույթ և այլն) խաղում ընդգրկված են նաև առօրյա իրականության հետ առնչվող հարցեր և որոշակի ասոցիացիաներ: Բացի այդ, խաղում առկան են հետաքրքիր մանրուքներ, օրինակ  «Համատեղ քայլ» քարտ, որը մասնակցին հնարավորություն է տալիս խաղի ընթացքում դիմել խաղընկերներից որևէ մեկին՝ իրեն ուղղված հարցին համատեղ ուժերով երեք պատասխան տալու համար: Այդպես կարելի է նաև կռահել, թե ով ում է ավելի շատ վստահում կամ էլ ավելի բանիմաց համարում։ Կամ օրինակ՝ խաղատախտակի «կարմիր վանդակ»-ը, որի վրա հայտնվելիս անհրաժեշտ է պատասխանել անձնական բնույթի հարցերի․ մասնակիցն ունի երկու ընտրություն՝ կամ անկեղծանում է բոլորի ներկայությամբ, կամ պարտվում է : Զվարճանքի չափաբաժին ապահովելուց բացի, այս խաղը նաև որոշակի առաքելություն է կրում, այն է՝ կիրառել հայերենն առօրյա ժամանցում, սովորել արագ մտածել, ավելի լավ ճանաչել Հայաստանն ու հայկականը: Հեղինակները համոզված են, որ հայերեն ու հայատառ խաղերի միջոցով կարելի է ոչ միայն  բարձրացնել մայրենիի հեղինակությունը երիտասարդների շրջանում, այլև ենթագիտակցության մակարդակով նրանց մասնակից դարձնել հայերենի պահպանման, կիրառման ու տարածման  գործում:   Տուփի պարունակությունը՝ 301 քարտ (ընդհանուր թեմաներով 602 հարց), 50 քարտ (անձնական բնույթի 50 հարց), 7 «համատեղ քայլ» քարտ, 1 խաղատախտակ, 1 ավազե ժամացույց (7 վայրկյան), 7 խաղաքար (տարբեր գույներ), խաղի կանոնները մեկնաբանող թերթիկ: