Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրողի համար այսօր ցենզուրա չկա. դա նաև վատ է»

Հասարակություն
grox

Մարտի 3-ը նշվում է որպես Գրողների միջազգային օր: Երիտասարդ գրող Նառա Վարդանյանը կարծում է, որ Հայաստանում ժամանակակից գրողները որեւէ խնդիր չունեն. «Այսօր մենք այնպիսի հասարակարգում եւ այնպիսի ազատության մեջ ենք ապրում, որ գրելու կամ տպագրվելու խնդիրներ չկան, չկա նաեւ ցենզուրա։ Սա ունի իր եւ’ դրական, եւ’ բացասական կողմերը։ Բացասական այն իմաստով, որ դա հասարակության կողմից մի տեսակ անտարբերություն է բերում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա։ Անդրադառնալով ժամանակակից գրականության մեջ հաճախ հանդիպող ժարգոնին, Նառա Վարդանյանը նշեց, որ դա չպետք է խնդիր դարձնել։ «Որքան ավելի ազատ լինի միտքը, այնքան շահում է արվեստը եւ գրականությունը։ Ցանկացած կենդանի օրգանիզմ ապրում է իր զարգացման օրենքներով, ինչպես լեզուն, որը մեռած չէ եւ անընդհատ աճելու միտումներ ունի, այնպես էլ գրականությունը։ Գրողն իր ներսում պետք է զգա ասելիքի անհրաժեշտությունն ու թե ժարգոնը որքանով է անհրաժեշտ, հակառակ դեպքում՝ ստացվում է ինքնանպատակ, ցուցամոլություն, որը, բնականաբար, աչքի է զարնում եւ անտեղի խոսակցությունների առիթ տալիս»։ Ինչ վերաբերում է գրողների ֆինանսական ապահովության հարցին, ապա Նառա Վարդանյանը կարծում է, որ այստեղ պետությունն անելիք չունի. «Ժամանակներն անցել են, որ եթե մարդն արվեստագետ է, ուրեմն պետք է լինի սոված, կիսամերկ եւ հարբած։ Այսօր գրողը լավ կենցաղի եւ լավ սննդի կարիք ունի, ինչպես ցանկացած ժամանակակից մարդ, որպեսզի նստի եւ ազատ ստեղծագործի։ Եթե գրողը մի վեպի վրա աշխատում է 3 կամ 6 տարի՝ շեղվելով եւ ուրիշ գործ անելով, բնականաբար, դրանից տուժում է գրականությունը։ Պետությունը անելիք չունի գրողի համար, պետք չէ նրա վրա բարդել գրողներին պահելու խնդիրը, բայց նա պետք է ստեղծի մի համակարգ, միջավայր, որ այդ հարցով զբաղվեն հրատարակչությունները, բացի գրախանութներ, զարգացնի գրավաճառությունն ու տարածի ժամանակակից գրականությունը, որպեսզի տաղանդավոր գրողը չմտածի այլ աշխատանքով զբաղվելու մասին։ Ինչքան քիչ պետությունը խառնվի գրողի գործին, այնքան գրողը եւ գրականությունը կշահի»։