Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեքսն ու վաֆլին հայերեն չեն թարգմանվում» (տեսանյութ)

Հասարակություն
Lavrenti-nkar

Լեզվաբան Լավրենտի Միրզոյանը ցավում է, որ երեկ՝ փետրվարի 21-ին նշվող Մայրենիի օրն անցավ աննկատ: «Գիրք նվիրելու օրը նախարարություններին գիրք նվիրեցին, ԱԺ խոսնակներին նվիրեցին, բայց Մայրենիի օրը, որը պետական տոն է, ոչ ոք ուշադրության չարժանացրեց, ոչ մի միջոցառում չեղավ»,-նշեց նա: Իսկ լեզվի շուրջ առկա խնդիրներն այսօր բազմաթիվ են. «Օր օրի մեր լեզուն մեզնից օտարվում է: ԲՈՒՀ-երում փակվում են հայոց լեզվի ամբիոնները և միացվում օտար լեզուների ամբիոններին: Դպրոցական տարիքի աշակերտների ձեռագրերն ահավոր են: Բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում այս խնդիրներին»,-շեշտեց լեզվաբանը: Սակայն նա դրական միտում է նկատում լրատվամիջոցների դեպքում. «Այսօր եթերի լեզուն բավականին մաքուր է: Կայք-էջերում տեղ գտնող նյութերի առումով մտահոգություն կա, քանի որ շտապողականությամբ ուզում են նյութը հասցնել ընթերցողին: Բայց սա էլ ժամանակի հարց է»,-ասաց պարոն Միրզոյանը: Նա մշտապես ուսումնասիրում է տարբեր կառույցների փաստաթղթեր, որոնցում հայտնաբերում է բազմաթիվ սխալներ: ««Փարկինգ սիթի» ընկերությունը տուգանքների փաստաթղթերը որ ուղարկում է, երկու նախադասության մեջ մի քանի սխալ է լինում: ԴԱՀԿ-ն էլ թուղթ է ուղարկում, նույնիսկ իր ծառայության անունը չի կարողանում ճիշտ գրել: Նախարարությունների փաստաթղթերում էլ շատ սխալներ կան»: Լեզբավանին մտահոգում է նաև Ազգային ժողովում պատգամավորների խոսքը: «ԱԺ-ն մի ամբողջ 45 րոպե նվիրում է նրան, որ որոշեն՝ ղալաթը վիրավորական բառ է, թե ոչ»: Ո՞րն է լուծումը. «Լեզվի պետական տեսչությանը պետք է շատ ավելի լայն լիազորություններ տրվեն: Անհրաժեշտ է ենթաօրենսդրական ակտեր ընդունել: Մայրենի լեզուն դարձրել են զավեշտի լեզու. ի՞նչ է նշանակում՝ սեքս, վաֆլի կամ այլ բառեր թարգմանել հայերեն»,-շեշտեց պարոն Միրզոյանը: