Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համայնքները պետք է մասնակցեն որոշումների կայացմանը (տեսանյութ)

Հասարակություն
pordzagetner

Արտասահմանցի փորձագետներ Պավել Սվիանեւիչը եւ Էնթընի Լեվիտասն այսօր կազմակերպված քննարկման ժամանակ խոսեցին կիրակի օրը Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների եւ համայնքների խոշորացման ծրագրի մասին: Լեհաստանի նախագահի խորհրդական, Եվրոպայի խորհրդի ֆինասական եւ տարածքային հարցերով փորձագետ Պավել Սվիանեւիչն իր խոսքում նշեց, որ կասկած չունի, որ Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների խոշորացման կարիք կա. «Շատ փոքր ՏԻՄ-երը երբեք չեն կարող որակյալ ծառայություններ մատուցել, դրանք շատ թանկ են եւ, կարեւորը, իրականացման համար չունեն համապատասխան մարդկային ռեսուրսներ»,-ասաց նա: Փորձագետի կարծիքով՝ որպեսզի խոշորացված համայնքներում բացառենք այն, որ բյուջեից հատկացվող ամբողջ գումարը տրվի համայնքի կենտրոնական քաղաքին միայն, անհրաժեշտ է մի քանի կանոն պահպանել. «Պետք է ընտրական համակարգը թույլ տա, որպեսզի հեռավոր համայնքները պատշաճ կերպով ներկայացված լինեն, կարողանան իրար մեջ կոալիցիաներ կազմել: Պետք է խթանել նաեւ հանրային մասնակցությունը, որպեսզի այդ համայնքները մասնակցեն որոշումների կայացմանը կամ ներդրումների պլանավորմանը: Սրա միջոցով մարդիկ կհասկանան, թե ֆինանսական միջոցները ուր են գնում, ինչու է այս կամ այն համայնքի վրա ավելի շատ գումար ծախսվում եւ այլն»,-նշեց Սվիանեւիչը: Միջկառավարական ֆինանսական հարցերով փորձագետ Էնթընի Լեվիտասը նույնպես այն կարծիքին է, որ Հայաստանին անհրաժեշտ է համայնքների խոշորացումը. «Հայաստանը, ինչպես նախկին խորհրդային այլ երկրներ, Խորհրդային միության փլուզումից հետո կարծեցին, որ ավելի փոքր համայնքներ ստեղծելով, կաջակցեն տեղական ժողովրդավարության խթանմանը, եւ ստեղծվեցին այնպիսի ՏԻՄ-եր, որոնց 60 տոկոսից ավելին 1000-ից քիչ բնակիչ ունի: Դրանց տրվեցին լիազորությունները, սակայն այդ ՏԻՄ-երը չափից դուրս փոքր են, որպեսզի կարողանան պատշաճ կերպով իրենց լիազորությունները իրականացնել, բացի այդ՝ համապատասխան միջոցներ չեն ստանում կառավարությունից: Համեմատության համար նշեմ, որ տարածաշրջանում ամենաքիչ գումարը ՏԻՄ-երին հատկացնում է Հայաստանը: Հայաստանում երբեք այնքան գումար չի տրվում ՏԻՄ-երին, որպեսզի դրանք իրականացնեն իրենց տրված լիազորությունները»,-ասաց նա: Երկու փորձագետներն էլ դժվարացան նշել, թե համայնքների խոշորացումն ինչ ազդեցություն կունենա բնակիչների կյանքում. դրա համար ժամանակ է պետք: