Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը կլինի երկարատև» (տեսանյութ)

Քաղաքականություն
Diana-nkar-Gagik-Minasyan

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը հիմա նորմալ է : Գարնանային սրացումներ են եղել, եղանակային նման պայմաններում բացառված չէ, որ մարդկանց մոտ ճնշման տատանումներ լինեն ,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Վերջինիս ունեցած տեղեկություններով՝ հնարավոր է, որ Գալուստ Սահակյանը այսօր հիվանդանոցից դուրս գրվի: Անդրադառնալով Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթին՝ Գագիկ Մինասյանը հավաստիացրեց, որ դրանք այն բոլոր հիմնախնդիրներն ու մարտահրավերներն են, որոնք այսօր ծառացած են մեր երկրի առջև և որոնց լուծումը պետք է անհանգստացնող լինի բոլոր քաղաքական ուժերի համար՝ թե իշխանությանը և թե ընդդիմադիր կուսակցություններին: «Ա1+»-ի այն հարցին, թե Դաշնակցության հետ համագործակցության հուշագրի ստորագրումը ինչո՞ւ է ուշանում, ի՞նչ խնդիրներ են ծագել , պարոն Մինասյանը ի պատասխանեց ասաց. «Ես չեմ կարծում, որ ուշանում է, մենք հետևողական աշխատանքներ ենք կատարում և կարծում եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կավարտվի»: Իսկ ինչո՞ւ հատկապես ՀՅԴ-ի հետ իշխանությունը որոշեց գնալ համագործակցության, թեպետ այդ ուղղությամբ բանակցություններ էին տարվում նաև ԲՀԿ-ի հետ,-հետաքրքրվեցինք իշխող կուսակցության ներկայացուցչից: Վերջինս մեր դիտարկմանը արձագանքեց այսպես. «Մեր կուսակցությունը միշտ ասել է, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծման առումով մենք բաց ենք և ցանկացած կուսակցություն՝ լինի ընդդիմադիր, լինի այլընտրանքային կուսակցություն, թե մեկ այլ, ունի հնարավորություն համագործակցելու մեզ հետ, և եթե նրանց հետ գտնենք համագործակցության ընդհանուր հարցեր, ապա կփորձենք կարգավորել այդ խնդիրները: Ես ենթադրում եմ, որ այն խնդիրները, որոնք մենք փորձում ենք լուծել ՀՅԴ-ի հետ , դրանք տևական ժամանակ պահանջող ջանքեր են իրենցից ենթադրում, դրանք բխում են նոր Սահմանադրությունը կյանքի կոչելու հրամայականից, իսկ այդ տեսակետից մեր համագործակցությունը Դաշնակցության հետ կլինի երկարատև»: Նշենք նաև, որ մեր տեղեկություններով՝ այսօր երեկոյան տեղի է ունենալու ՀՀԿ ԳՄ նիստ, սակայն դեռևս հստակ չէ՝ կողմերը ինչ փաստաթուղթ են ստորագրելու: