Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղցկեղի դեպքերն ամենաքիչը Գեղարքունիքում են, ամենաշատը՝ Լոռիում և Շիրակում (տեսանյութ)

Հասարակություն
onkologia-nkar

«Երկրում նկատվում է օնկոլոգիական հիվանդությունների աճ: Վերջին տասը տարվա ընթացքում հիվանդների թիվն աճել է 2000-ով»,-այսօր հայտնեց ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Ռաֆայել Սարգսյանը: Մյուս կողմից ներկայումս 25.000-30.000 առողջացած անձ կա: Հիվանդացության աճը կարող է նվազել՝ բնակչության առողջ կենսակերպ վարելու դեպքում: «Հնարավոր է 30 տոկոսով նվազեցնել՝ հրաժարվելով վնասակար սովորություններից. ծխախոտ, ալկոհոլի չարաշահում, ոչ ճիշտ սնունդ, ճարպակալում»,-շեշտեց պրոֆեսորը: Պատահական չէ, որ թոքի քաղցկեղի դեպքում հիվանդացության 72 տոկոսը ծխելու հետևանք է: «Ա1+»-ի դիտարկմանը, թե ճառագայթային բուժում իրականացնող միայն մեկ կենտրոն ունենք, ինչի հետևանքով հերթերը շատ են, պարոն Սարգսյանն արձագանքեց. «Անցյալ տարվանից հերթերը վերացված են: Աշխատողները մինչև ուշ երեկո մնում են, որպեսզի կարողանան բոլորին սպասարկել, և հերթ չառաջանա»: Իսկ ինչո՞ւ պետությունն իր վրա ավելի մեծ բեռ չի վերցնում, որպեսզի հիվանդներին անհրաժեշտ քիմիաթերապիայի դեղերը տրամադրվեն անվճար, քանի որ բավականին թանկ արժեն, բժիշկն ասաց. «Պետությունը չի կարող բոլորին բավարարել»: Պարոն Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ քաղցկեղի դեպքերով մտահոգիչ են շարունակում մնալ Լոռու և Շիրակի մարզերը, իսկ ամենաքիչ հիվանդացությունը Գեղարքունիքում է: Պրոֆեսորը նաև նշեց, որ ժամանակ առ ժամանակ համացանցում շրջանառվող բուժման այլընտրանքային տարբերակները պետք է 5-10 տարի փորձաշրջան անցնեն, հետո միայն կարող են օգտագործվել հիվանդանոցներում: Նա նաև շեշտեց, որ քաղցկեղը խնդիր է այսօր ամբողջ աշխարհում. «Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ 2030 թվականին աշխարհում 20 մլն առաջնային դեպք կգրանցվի»: