Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գործադիրում փող բաժանողներ, հարց լուծողներ են, իսկ ԱԺ-ում՝ դրանցից օգտվողները» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
aram-manukyan

Հանրապետական Սամվել Նիկոյանը չի ամաչում, որ Ընտրական օրենսգրքի նախագիծը գրելու են ոչ թե օրենսդիրները, այլ՝ կառավարությունը. «Եթե 10 անգամ, 20 անգամ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ են եղել եւ դա իրականացրել է Ազգային Ժողովը, իսկ ի՞նչ կլինի, եթե մեկ անգամ էլ կառավարությունն օգտվի այդ օրենսդրական իրավունքից»: Նոր օրենսգրքով նույնպես ցուցակների հետընտրական հրապարակում չի նախատեսվում: Ըստ Սամվել Նիկոյանի, Էլեկտրոնային քվեարկությունը հերիք է թափանցիկության համար. «Եթե որեւիցե մեկը գտնի անհրաժեշտություն, որ ինքը պետք է ցուցակներն էսպես դրանից հետո ուսումնասիրի, ես կարծում եմ, որ որեւիցե խնդիր այդտեղ կարող է եւ չլինել»: Տեղամաս մտնողի քվեարկության գործընթացն ամբողջ հանձնաժողովը, դիտորդները, վստահված անձինք եւ լրագրողները կտեսնեն համապատասխան էկրանի վրա. «Էլեկտրոնային համակարգը ֆիքսում է, թե ում օգտին, ում ձայն տրվեց։ Դա հնարավորություն է տալիս րոպեների ընթացքում արդյունքն արդեն իմանալ: Եթե կա որեւիցե մեկից բողոք, ապա կարող են արկղը բացել եւ հաշվել, համեմատել էլեկտրոնայինի հետ»: Պարոն Նիկոյանը վստահեցնում է, որ էլեկտրոնային քվեարկությունը բացառում է նաեւ հանրապետությունից բացակայողների փոխարեն քվեարկելու հնարավորությունը. «Ովքեր դրսում են, բնականաբար չեն կարող ունենալ այդ միասնական քարտը, ID քարտ կլինի, ինչ կլինի եւ այլն, եւ այլն: Եթե չունեն այդ միասնական քարտը, այդ օրը եկել են, կամ նրանց փոխարեն որեւիցե մեկը չի կարող քվեարկել, ուզում է ցուցակը լինի, ուզում է չլինի: Քարտ ստացած մարդը կարող է քվեարկել, վերջ»: Ընդդիմադիր Արամ Մանուկյանի կարծիքով, ցուցակների հրապարակումը միակ հրատապ հարցը չէ, նախ պետք է մաքրել ընտրական ցուցակները. «Հայաստանը ունիկալ է էն առումով, որ 600-700 հազար մարդ Հայաստանի ընտրական ցուցակներում կա, բայց Հայաստանում չի ապրում»: Էլեկտրոնային քվեարկությունն, ըստ Արամ Մանուկյանի, ընտրությունների արդարությունը չի ապահովի, եթե խնդիրը համալիր չդրվի. «Համալիր լուծումը ակնհայտ է, հետեւյալն է՝ ցուցակները մաքրի մինչեւ ընտրությունները, ցուցակները հրապարակի ընտրություններից հետո։ Դրա հետ, եթե էդ ամենը անում ես, էլեկտրոնային քվեարկությունն իմաստ է ունենում, դրա հետ եթե անում ես ամբողջ ընտրական տեղամասը նկարահանում ես, իմաստ ունի»: Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորն անձամբ ամաչում է, որ Ընտրական օրենսգիրքը գրելու է ոչ թե խորհրդարանը, այլ կառավարությունը. «Ազգային ժողովը որպես էդպիսին, որպես օրենսդիր մարմին, չկա, մեծ մասը ճնշող գերակշռող մասը կառավարությունից է գալիս, գործադիրն է թելադրում, գիտե՞ք ինչու, որովհետեւ գործադիրում փող բաժանողներ, հարց լուծողներ են, իսկ խորհրդարանում դրանցից օգտվողներ են»: