«Հայաստանն այն միակ երկիրն է, որ փորձում է չքաղաքականացնել քաղաքականությունը» (տեսանյութ)

5-րդ գումարման ԱԺ 9-րդ նստաշրջանի մեկնարկն այսօր բուռն եղավ: Վարման կարգով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ինքը տասնհինգ նախաձեռնություն ունի, որոնք համառորեն չեն քննարկվում. «Տպավորությունն այն է, որ ծանոթով են դրվում նախաձեռնությունները քննարկման»: «Հումորի համար ասեմ, որ ծանոթ ճարեք, սակայն նաեւ ասեմ, որ բավականին ծանրաբեռնված օրակարգ ունենք՝ մոտավորապես վաթսուն-յոթանասուն նախաձեռնություն կա: Եթե ուզում ենք բոլորը քննարկել, ապա դրա համար պետք է մի բան անել, լինել ավելի ակտիվ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ԱԺ դեռ նախորդ նստաշրջանի ժամանակ ինքը դիմել էր, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին ընդառաջ կազմակերպեին լսումներ սխալներ թույլ չտալու համար. «Կարելի էր ԵԽԽՎ հակահայ զեկույցներից խուսափել, եթե այդ քննարկումն ունենայինք: Հիմա էլ ուշ չէ, եկեք պոստֆակտում հրավիրենք այդ լսումները՝ ապագայում խուսափելու սխալներից»:

«Ես հետեւյալ մտորումներն ունեմ, որ բոլորը այս ընթացքում միայն խորհուրդ են տալիս: ԱԺ-ն եթե թույլ տա, ես նորից կկարդամ ելույթս, սակայն ձեզ կուղարկեմ այն: Պետք չէ մազեր, կիկսեր փնտրել ամեն ինչի մեջ ու չեմ ուզում, որ այս քաղաքական ամբիոնը քաղաքականացնեք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր կողմից նկատեց, որ Եվրոպայի Լիբերալների եւ դեմոկրատների «Ալյանս» կուսակցությունը կողմ եղել այդ հակահայ բանաձեւին, որի անդամը ՀՀ-ից ՀԱԿ-ն է»: «Ցավում եմ, որ Հերմինե Նաղդալյանը տեղյակ չի պահել, որ այդ կուսակցությունը  պաշտոնապես դիմել է սխալ թարգմանության համար, թե իբր ինքը աջակցում է այդ բանաձեւին: Անգլերեն սխալ է ներկայացվել ու պաշտոնապես նա դիմելու է փոփոխության համար: Իսկ այս ընթացքում ամբողջ իշխանական քարոզչամեքենան լծվել է նրան, թե իբր ոչինչ չի պատահել ԵԽԽՎ-ում, սակայն առաջին անգամ ԼՂՀ մասին խոսում են օկուպացված տարածքներ տերմինալոգիայով»:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ ավելացրեց, որ լավագույն գնահատականը ԵԽԽՎ իրենց աշխատանքի Իլհամ Ալիեւի երեսուն-քառասուն րոպեանոց  ելույթն էր Բաքվում, երբ նա, իրեն մեկուսացնելով ԼՂՀ բոլոր գործընթացներից, Մինսկի խմբի վերաբերյալ դժգոհություն հայտնեց հակամարտության կարգավորման համար, նաեւ ամբողջ Եվրոպային մեղադրեց հայերի նկատմամբ հատուկ վերաբերմունքի, իսլամաֆոբիայի մեջ: Կոչ եմ անում՝ չփորձել սեւը խառնել սպիտակի հետ: Ի դեպ, այն խմբակցությունը, որը կողմ է  արտահայտվել հակահայ բանաձեւին, ՀՀ պատվիրակությունից միակ անդամը Լեւոն Զուրաբյանն էր: Սակայն այդպիսով չեմ ուզում, որ սրեր ճոճենք: Պետք չէ դատողություններ անել միլիոնավոր կիլոմետրեր հեռավորության վրա ԵԽԽՎ մասին, քան ավետարանիչներն էին խոսում Աստծո խոսքի մասին»:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար զավեշտ էր, երբ Գալուստ Սահակյանը կոչ արեց ԱԺ ամբիոնը չքաղաքականացնել. «ՀՀ-ն հավակնում է դառնալ միակ երկիրը, որ փորձ է անում չքաղաքականացնել քաղաքականությունը»:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին բարկացրեց այն, որ անընդհատ  շահարկվում է Եվրոպայի լիբերալների ու դեմոկրատների «Ալյանս» կուսակցության դիրքորոշումը. «Առաջին ու վերջին անգամ լինի նման խոսակցությունները ու որ ռազբորկա անենք, թե ով ոնց է քվեարկել։ Ով ինչ ծանոթ ուներ, գնում խոսում էր նրա հետ ԵԽԽՎ-ում: Իսկ մինչ այժմ տված ինֆորմացիաներն էլ իրականությանը չեն համապատասխանում»: «Տարին լավ ենք սկսել»,- հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Իսկ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանն էլ կոչ արեց՝ ձեռնպահ մնալ ու իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ չտարածել. «Բոլորին շնորհակալություն եմ հայտնում եւ փորձենք աշխատել այնպես, ինչպես այս պահին ու հոգու կանչով վշտակցել պարոն Ալիեւին»: