Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգյուստ Ռոդենից ոգեշնչված քանդակագործ-բարմենը

Մշակույթ
64

Արթուր Կիրակոսյանն ավարտել է Վանաձորի մանկավարժական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի քիմիայի բաժինը։ Առավոտյան կահույքագործ է,  երեկոյան փաբերից մեկում որպես բարմեն է աշխատում, իսկ ազատ ժամերին՝ քանդակագործությամբ զբաղվում։ 27-ամյա Արթուր Կիրակոսյանն արդեն երկրորդ անգամն է, ինչ իր աշխատանքները ցուցադրում է փաբերում. «Ուրիշ տեղ չկա ցուցադրվելու, ֆինանսի խնդիր կա»։ «Բժիշկ էի ուզում դառնալ. քիմիա, ֆիզիկա շատ եմ սիրել, հետո տեսա, որ ուսմանս տարեկան վարձը չէի կարող վճարել ու, որ անիմաստ չլիներ այդքան պարապածս, ընդունվեցի Քիմիայի ֆակուլտետ։ 1 2 Հնարավորություն չկա մասնագիտությամբս աշխատելու, իսկ եթե մեր Վանաձորի գործարանները աշխատեին, հնարավոր կլիներ։ Ո՛չ բարմենությունը, ո՛չ կահույքագործությունն ինձ այնքան էլ հոգեհարազատ չէ։ Սիրում եմ քանդակագործությունը, բայց դրանով չեմ  կարող փող աշխատել ու ապրել։ Եթե այլ աշխատանք չունենամ, չեմ կարող անհրաժեշտ իրերը գնել քանդակներիս համար։ Բարում գիտես, որ գալիս ես, վեց ժամ աշխատում ու դրա դիմաց փող ստանում։ Իսկ քանդակագործությամբ չգիտես՝ ինչ կլինի»։ 4 5 Քանդակագործությամբ զբաղվում է 2006 թվականից. «Մորս քեռու մոտ մեկ տարի սովորեցի խաչքարագործություն, հետո՝ փորձեցի փայտի հետ աշխատել եւ տեսա, որ փայտի հետ աշխատելն ավելի լավ է ստացվում»։ Ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենից ոգեշնչված երիտասարդն ունի նոր քանդակների մտահղացումներ, բայց արվեստանոց չունի։ Տան պայմաններում անում է հնարավոր ամեն ինչ. «Ժամացույցներ, դիմակներ եմ անում, որոնք հնարավոր է տան պայմաններում։ Չես կարող ամեն օր մուրճով հարվածես. հարևաններ կան, որոնց խանգարում է աշխատանքդ։ Երեւանում կան շենքեր, տարածքներ, որ կանգնած են ու կարող են որպես արվեստանոց ծառայել, բայց ոչ մեկը տարածք քեզ չի տրամադրի։ Հույս ունեմ՝ արվեստանոց կունենամ, որ չունենամ՝ կմեռնեմ»։ Քանդակների վաճառքով նոր է սկսել զբաղվել։ Բոլորն էլ ասում են, որ լավն են աշխատանքները, բայց իրենք էլ չեն կարողանում գնել. «Ասում են՝ էսօր մոտս փող չկա, հետո կգամ կառնեմ, բայց թե կգան հետո կամ չեն գա, չգիտեմ։ Իսկ Վերնիսաժում էլ աշխատանքներս չի վաճառվի։ Վերնիսաժը ոնց որ շուկա լինի. նույն բաներն է՝ մասիս, խաղող։ Իսկ ես չեմ կարող դա անել։ Ուզում եմ ստեղծագործել։ Այն փայտերը, որոնք մարդիկ վառում են, ես օգտագործում եմ»։ 7 Արթուր Կիրակոսյանը չի պատրաստվում վաճառել առաջին աշխատանքները՝ մեկ փայտից ստեղծած յոթ տարվա պատմություն ունեցող դիմակները։ Ասում է՝ Հայաստանում արվեստը ցածր մակարդակի վրա է. «Կան քանդակագործներ, ովքեր լավ աշխատանքներ ունեն, բայց մեր ղեկավարությունը բանի տեղ չի դնում արվեստին»։ Ցանկություն ունի ցուցահանդեսներ ունենալ, բայց ոչ փաբերում. «Շատ պիտի աշխատեմ ցուցահանդեսի համար։ Աշխատանքս այնպիսին է, որ մեկ գործ եմ անում, մի շաբաթ չեմ անում, կտրվում եմ աշխատանքից։ Պետք է անընդհատ նույն բանով զբաղվես։ Երբ գլուխդ խառն է լինում, չես կարողանում կենտրոնանալ ու հանգիստ չես ստեղծագործում։ Բարում կարող է նստած լինեմ, շատ գործ չլինի, ու թուղթ ու գրիչ վերցնեմ եւ էսքիզներ անեմ, փայտի կտորներ շարեմ ու մտածեմ, թե ինչ կարելի է ստանալ։ Աշխատում ենք, որ հա՛մ էն անենք, հա՛մ էն, չեմ կարող համատեղել»։ Ո՛չ Ակադեմիան, ո՛չ էլ Թերլեմեզյանն ավարտած արվեստագետն ուզում է միայն ստեղծագործել ու այլ աշխատանքով չզբաղվել, եթե իմանա, որ քանդակագործությամբ կարող է ապրել։