Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ջավախահայությունը զանգի ղողանջ է». ՀՀԿ պատգամավորը նաեւ արտասանեց (տեսանյութ)

Քաղաքականություն
tajat

2015թ. դեկտեմբերին, թեեւ դպրոցական տարվա առաջին կիսամյակն ավարտվել էր, Ջավախքի դպրոցները ՀՀ-ից ստացան հայալեզու դասագրքեր: «Ա1+»-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, պոետ, ջավախցի Տաճատ Վարդապետյանը նշեց, որ Ջավախքի դպրոցների հարցը մտահոգություն է բոլորի համար. «Եւ աբսուրդի ժանրից է, քանի որ այս համացանցային հազարամյակում չկա որեւիցե ինֆորմացիա, որ Ա կետից Բ կետը հնարավոր չլինի հասցնել, այդ թվում՝ հայաբովանդակ դասագրքերը, որոնք անհրաժեշտ են Ջավախքին կամ վիրահայությանը: Ես դրանում արտասովոր բարդույթ եմ տեսնում»: Նրա խոսքերով՝ վրացական կողմի հետ իրենց բոլոր հանդիպումների ժամանակ այդ հարցերը քննարկվել են եւ միշտ նշվել է, որ ավելի շատ մաքսային ձեւակերպումների մասով կա խնդիր, քան թե այդ գրականության արգելված է. «Իբր թե, որ տանում են դրանք Վրաստան, դրանք իրենցից արժեք են ներկայացնում եւ պետք է մաքսազերծվեն, որը նույնպես ինձ համար արտասովոր է»: Պարոն Վարդապետյանը նշում է՝ հայ-վրացական հարաբերություններում չգոհացնող պահեր կան, եւ դրանք զարգացնելու անհրաժեշտություն կա. «Նաեւ այն իրողության հետ պետք է հաշվի նստենք, որ մոլորակի վրա չկա մի պետություն, որ այդքան հայկական դպրոցներ լինեն, որքան Ջավախքում: Նրանք, ի վերջո, Վրաստանի բյուջեից են սնվում: Սա որպես երախտիքի դրսեւորում թող լինի»: Պատգամավորն ընդգծում է՝ հայերը Վրաստանի համար եղել են պետականակերտ ժողովուրդ. «Մերօրյա սերունդը պետք է պարտավորվածություն ունենա. վրացու եւ Վրաստանի հետ հարաբերությունները պետք է լինեն կառուցողական եւ ջերմ՝ չնայած քաղաքական տարբեր վեկտորների ենք մենք այս պահին հարում: Ջավախահայությունն իր պատմական հուշարձաններով աղոթքի կանչող զանգի ղողանջ է բոլորիս համար, եւ Ջավախքի հոգսը միայն ջավախցունը չէ, այլ համահայկական հոգածության, մայր Հայաստանի մայրական հոգածության թեման պետք է լինի»: Արդյոք այդ դասագրքերը ուշ չե՞ն հասել Ջավախք, եւ երեխաները հետ չե՞ն մնա ուսումնական ծրագրից, Տաճատ Վարդապետյանը չի մտահոգվում. «Ես ավարտել եմ Ջավախքում հայկական դպրոց, այն ժամանակ Վրաստանի պատմություն էինք անցնում, Հայոց պատմություն չենք անցել, բայց ինքս կարծես ավելի հոգեւոր քաղցով կարդում էի, ուսումնասիրում էի Խորենացի, Ագաթանգեղոս, Բուզանդ, Փարպեցի եւ այլն: Դա կարծում եմ՝ ջավախցու ուսումնատենչությունն ու մտավոր ակնհայտ կարողությունները կփոխհատուցեն»: Նա կարծում է, որ վրացական կողմից որոշակի վերահսկողություն կլինի դասագրքերի մասով, սակայն էական փոփոխություններ չեն լինի. «Կարեւորն այն սիրտն է, որ տրոփում է ջավախցու, վիրահայի կրծքի տակ, իսկ մնացած նյութերի ուսումնասիրությունը, իմ կարծիքով, մեր աշխատասիրության ու, այս բառից չեմ երկնչում, ուսումնատենչության հաշվին պետք է փոխհատուցենք»: Վերջում, ՀՀԿ պատգամավորը տոկունություն մաղթեց իր հայրենակից ջավախցիներին եւ խոստովանեց՝ նրանք իր համար գրեթե ամենասիրելի մարդիկ են աշխարհում՝ երկնքի տակ: Նա նաեւ արտասանեց Ջավախքի եւ ջավախցների մասին իր գրած բանաստեղծությունը՝ «Արի տուն». Ով առնական լեռնաշխարհի զավակներ, Վերադարձեք Աբուլ լեռան ստորոտ, Քաջ Թաթուլի կտրիճներն եք անվեհեր, Բավ է մնաք Թմկաբերդին դուք կարոտ, Ձեր պապերի շիրիմները անպաշտպան, Կանչում են ձեզ ձեր տուն՝ Ջավախք՝ աղոթքի: Նորոգեցեք ճանապարհը ձեր հին տան, Քնով չընկնեք, միշտ մնացեք դուք ոտքի: Միաբանվեք, խենթ բազեներ Ջավախքի, Ձեր տունդարձով թող Փարվանան ծովանա, Հյուսվածքն եք Ջավախք պողպատ կմախքի, Վերադարձեք, մեր օջախը զորանա: