Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Խզմալյան. «Ռուսիո պատրիարքի ասածը հարված է մեջքից» (տեսանյութ)

Քաղաքականություն
Xzmalyan-nkarrrrrr

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը պատահական չի համարում Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի՝ հունվարի 7-ի Սուրբ ծննդյան հարցազրույցում հնչեցրած միտքը, թե Օսմանյան կայսրությունում քրիստոնյաներին ոչ ոք չի ոչնչացրել: «Շատերը մեղադրում են պատրիարք Կիրիլին անկրթության, տեղեկացված չլինելու մեջ: Դա իհարկե, միամտություն է: Կիրիլը կրթված մարդ է, գիտի՝ ինչ է ասում, ում և երբ: Կիրիլը պատահական մարդ չէ, նա Ռուսաստանի հոգևոր առաջնորդն է և շատ բարձր պաշտոնական դիրք է զբաղեցնում պուտինյան Ռուսաստանի սանդղակում»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց Տիգրան Խզմալյանը: Գլխավոր պատճառը նա համարում է ռուս-թուրքական ներկայիս լարված հարաբերությունները: «Ռուսաստանը, որ կարծես թե կիսապատերազմական վիճակում է Թուրքիայի հետ, միաժամանակ փնտրում է ելքեր այդ իրավիճակից: Ըստ երևույթին, Կիրիլին տրված էր ելք առաջացնելու առաքելությունը և նա դա կատարեց: Դա կրոնական արտահայտություն չէր, այլ զուտ քաղաքական»,-ասաց պարոն Խզմալյանը: Նա հիշեցրեց նաև, որ Հայոց եղեռնից ընդամենը 12 տարի առաջ՝  1903 թվականին, ռուսական կառավարությունը և եկեղեցին մեծ արշավ էին սկսել Հայոց եկեղեցու և դպրոցների դեմ: Պարոն Խզմալյանը կարծում է, որ այս միջադեպը Ռուսաստանի կողմից՝ մեր երկրի հանդեպ տասնամյակներ շարունակ տարվող քաղաքականության տրամաբանական շարունակությունն է: «Ոչնչացնելով, վարկաբեկելով և մերժելով հայոց հոգևոր ինքնությունը, նախապատրաստվում է հող՝ ոչնչացնելու նաև ազգային ինքնությունը: Մեր արձագանքը պետք է լինի ոչ թե ամպագորգոռ հայտարարություն կամ ֆեյսբուքյան գրառում անելը, այլ անկախ պետականության պահպանումը և հոգևոր-տնտեսական-ռազմական հզորացումը մեր երկրի»: Մի հարցում գործիչը, միանշանակ, վստահ է. «Սա ապտակ է, սա շատ ծանր հարված է: Ինչպես ռուսներն են սիրում ասել Թուրքիայի կործանիչի վերաբերյալ՝ սա հարված է մեջքից, հերթական հարված է մեջքից կամ գոտկատեղից ներքև: Մեզ համար սա անակնկալ չէ: Բայց կարծում եմ, որ պետք է սթափեցնող ազդանշան լինի այն հայերի համար, որոնք դեռևս հույսեր են կապում մեր երկրի, մեր ազգի ապագայի և Ռուսաստանի հետ»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ