Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իմ «Ա1+»-ը, որը դառնում է 25 տարեկան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
752876be66f5770b4a1601ce3db70996

Իմ առաջին ծանոթությունը «Ա1+»-ի , այն ժամանակ դեռ «Ա1»-ի հետ սկսվեց , երբ  երկրորդ, թե երրորդ կուրսի ուսանող էի: ԵՊՀ մի մեծ լսարանում հավաքել էին մեզ ու առաջարկում էին սահմանել «ուսանող» հասկացությունը` նույն անունով հաղորդաշարի «շապիկ» նկարահանելու համար: Ինձ էլ նկարահանեցին. չգիտեմ եթեր գնաց , թե ոչ, որովհետեւ այն ժամանակ դեռ «մութ ու ցուրտ տարիներն» էին , ու քչերի բախտն էր բերում հեռուստացույց նայել: Այն, որ կա «Ա1+» հեռուստաընկերություն, ու որ այնտեղ աշխատելու հաջողություն ոչ բոլորն են ունենում, իմանում էի որպես այլ լրատվամիջոցի ներկայացուցիչ տարբեր միջոցառումներ  լուսաբանելիս, մանավանդ որ այնտեղ էր լինում որեւէ «Ա1+»-ցի ու իր սուր հարցերով «հարամ» անում ասուլիսը: Ես դեռ «Ա1+» չէի դիտում, քանի որ մեր սեւուսպիտակ հեռուստացույցը դեցիմետրային 37-րդ ալիքը  ցույց չէր տալիս: «Ա1+»-ը աշխատանքի հայտարարություն արեց: 2000թ  օգոստոսին էր. այդ մասին իմացա Նշանից, որն իմ այդ ժամանակվա գործընկերուհիներից մեկի ամուսինն էր:  Ու հենց Նշանը դարձավ պատճառ, որ ես գնացի «Ա1+»: Կարծում էի, որ ինձ չեն ընդունի, հեռուստատեսային փորձ չունեի, բայց գնացի, քանի որ Նշանի կշտամբանքներից չէի ազատվելու: «Ա1+»-ի դիմաց հերթ էր. ես երեւի 40-րդն էի, ինձանից հետո էլի մարդիկ կային. ժամը 12-ին կանչել էին, հերթս երեւի ժամը 17-ին հասավ:  Ինչ հարցեր ասես` չտվեցին: Մի տղամարդ էր, երկու կին. անուններն այն ժամանակ չգիտեի: Դուրս եկա ու գնացի:  Հաջորդ օրը զանգեցին,թե կարող եմ փորձել:  Պարզվեց` ես հերթում կանգնածներից ամենահաջողակն էի, քանի որ ոչ միայն փորձեցի , այլեւ մնացի: «Ա1+»-ում մնալը շատ դժվար էր:  Հետո իմացա,ո ր ինձ քննում էին ՀԸ տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը, պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանը, «Այբ-Ֆե» լրատվական գործակալության ղեկավար Անժելա Շեգունցը: Անկեղծ ասեմ, «Ա1+»-ում դժվար էր, քանի որ այնտեղ անփոխարինելիներ չկան, թերացար, հիշիր, հերթում  քո նման հարյուրավորներ են,որոնք կզբաղեցնեն քո տեղը: Հետո մեզ եթերազրկեցին:  2002թ ապրիլի 2-ին, կեսգիշերին  իմ գործընկերների հետ «Ա1+»-ի գրասենյակում ես էլ գոռացի անզորությունից, երբ վերջին անգամ էկրանին երեւաց «Ա1+»-ը դեռ եթերում է» տողն ու … վերջ: Բայց պարզվեց, որ ամեն ինչ նոր է սկսվում: Դե, մեզ եթեր այդպես էլ չտվեցին. հները գնացին, նորերը եկան, նրանք էլ գնացին, նորերը եկան, հները հետ եկան, էլի գնացին կամ մնացին, նորերը  եկան:  Ծնվեց «Այբ- Ֆե» թերթ, որը չդիմացավ շուկայական խաղերին, Ա1+ մոբայլ նորություններ, որը կարճ ապրեց, հիմա էլ «Արմյուզի» եթերում` «Այբ-Ֆե+»,որը չգիտեմ դեռ ինչքան կապրի: Այս բոլոր նորամուծություններին զուգահեռ ապրեց ու ապրում է «Ա1+»-ի կայքը, որն իմ համար ` իմ ազատ արտահայտվելու ամենակայուն հարթակն է, ինչը կարող է երազել ցանկացած լրագրող: Իմ լրագրողական գործունեության 15 տարիները կապված են «Ա1+»-ի հետ. իմ համակարգչում նույնիսկ կարող է գտնվել  լուսանկար, որն արվել է դեռ  այն ժամանակ, երբ ես «Ա1+»-ի տեղը չգիտեի: Համակարգիչները փոխվել են, բայց տեղեկատվությունը փոխանցվել է նորին, ինչպես հին «Ա1»-ցիները էստաֆետը հանձնել են «Ա1+»-ցիներին: Ու նույնիսկ այսքան փորձ ունենալուց հետո, որեւէ ռեպորտաժ ,  հոդված պատրաստելուց առաջ, ես  անհամբեր սպասում եմ,թե ինչ կասի Մեսրոպ Մովսեսյանը` «Ա1+»-ի տնօրենը:  Երբեք ինձ չի լքում զգացողությունը,որը կար հեռավոր 2000 թվականին, երբ դեռ եթերում էր «Ա1+»-ը: Գրաքննություն «Ա1+»-ում չկա. պատրաստիր, ինչպես ուզում ես, այն եթեր կգնա,  բայց եթե  ձախողել ես, ուրեմն…Չէ, չեմ բացում  փակագծերը, կարեւորն ինձ հասկացան հին «Ա1+»-ցիները: Երկար գրեցի, բայց ես չեմ կարող չասել, որ այսօր նաեւ այն մարդու ծննդյան օրն է, որը ստեղծեց «Ա1+»-ը ու իմ ու իմ պես հարյուրավոր երիտասարդների հնարավորություն տվեց աշխատելու, սխալվելու, հասկանալու եւ կայանալու: Շնորհավոր ծնունդդ, 25-ամյա «Ա1+», շնորհավոր ծնունդդ, «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյան, եւ այս շնորհավորանքները բոլոր նրանց կողմից է, ովքեր համարում են, որ , ներեցեք, «Ա1+»-ը միայն Ձերը չէ, այլ նաեւ իրենցը: Ախր, այս «Ա1+»-ը այնքան բան է տեսել…   Կարինե Ասատրյան