Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Տեսանք, թե ինչպես է Հայաստանը տեր կանգնում իր մշակույթին». թուրք կոմպոզիտոր (տեսանյութ)

Քաղաքականություն
sibil1

«Ներդաշնակության մեղեդի» միջմշակութային նախաձեռնության շրջանակներում այսօր Հ. Պարոնյանի անվան թատրոնում կայացավ հայ եւ թուրք երաժիշտների համատեղ համերգը: Թուրքիայի ժողովրդական նվագարանների հայտնի երաժիշտները ելույթ ունեցան պոլսահայ երգչուհի Սիբիլի եւ «Բյութիֆայդ Փրոջեքթ» ռոք խմբի հետ: Համերգից առաջ լրագրողների հետ զրույցում Սիբիլը նշեց. «Փորձերը հրաշալի անցան, մենք չէինք պատկերացնում, որ այսքան լավ կլինի: Երկու տարբեր երաժշտություն միացավ, Արեւելք -Արեւմուտք միացան: Իսկապես շատ-շատ հոյակապ բան եղավ»: Թուրք կոմպոզիտոր Գյոքսել Բաքթագիրն առաջին անգամ է Հայաստանում, բայց արդեն հասցրել է զգալ հայկական մշակույթի շունչը. «Նախ, մինչեւ մեր գալը բավականին պատրաստվել էինք, գալուց հետո էլ մեր մաշկի վրա զգացինք խորը մշակույթը, այցելեցինք Մատենադարան, որտեղ ծանոթացանք մշակութային նմուշներին: Տեսանք, թե ինչպես է Հայաստանը տեր կանգնում իր եւ ոչ միայն իր մշակույթին:  Իրականում երկար դարերի պատմություն ունեցող, իրար միահյուսված շատ խորը պատմություն ունեն հայ եւ թուրք մշակույթները»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ հավելելով, որ Թուրքիայի մշակույթի նախարարության աջակցությամբ շուտով ձայնասկավառակ կթողարկվի, որտեղ ընդգրկված կլինեն հայ ստեղծագործողների երգեր: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նույնպես կարեւորեց համերգի անցկացումը՝ նշելով. «Երեկոն կնշանավորվի երգի պրեմիերայով, որը հայ եւ թուրք երաժիշտներն են գրել»: «Ներդաշնակության մեղեդին» կիրականան նաեւ Թուրքիայում: Դեկտեմբերի 22-ին էլ հայ եւ թուրք երաժիշտները նույն կազմով հանդես կգան Ստամբուլում: